
Ոստիկանությունն սկսել է զինաթափել ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնոզորը` նրա և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջև հարաբերությունների սրվելուց հետո:
ՙԺողովուրդ՚ թերթի հաղորդմամբ, ՙխոսքը ոչ միայն անձնական թիկնազորի մասին է, այլ հարյուրից ավելի զինյալների, որոնք ի դեպ օրինական զենք կրողներ էին: Խոսքը պետական պահպանության վարչության այն աշխատակիցների մասին է, ովքեր տարիներ շարունակ պայմանագրային հիմունքներով պահպանել են Ծառուկյանի բիզնես-տարածքները՚:
Մեկնաբանելով այս տեղեկատվությունը`ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունում հայտնել են, որ հիշյալ վարչությունում իբր մշտապես ստուգումներ են անցկացվում, որոնց նպատակն անձնակազմի արհեստավարժության մակարդակի բարձրացումն է և ոչ պրոֆեսիոնալ կադրերից ազատվելը:
ԲՀԿ առաջնորդի նկատմամբ հալածանք է սկսվել այն բանից հետո, երբ փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը սուր քննադատության ենթարկեց Ծառուկյանին նրա ՙկեղծքաղաքական՚ գործունեության համար: Սարգսյանը հենց նույն օրը Ծառուկյանին հանեց ԱԱԽ կազմից, քանի որ ՙերկրի անվտանգության բարձրագույն մարմինը կինոթատրոն չէ, որ ով երբ ցանկանա գա, երբ չցանկանա՝ չգա՚:
ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ քաղխորհրդում ելույթի ժամանակ ՙբացահայտել է՚ նախագահ Սերժ Սարգսյանի զայրույթի և ՀՀԿ Խորհրդի նիստի ժամանակ իր հասցեին քննադատության իրական պատճառները: ՙՈւզում եմ բացել բոլոր փակագծերը և լինել անկեղծ։ Ինձ առաջարկվել են համագործակցության բազմաթիվ տարբերակներ, անձնական շահեկան առաջարկներ, այդ թվում՝ նախագահի պաշտոնը սահմանադրությունը փոխելուց հետո` մեկ պայմանով, որ ես համաձայնեմ իր իշխանության վերարտադրությանը՚,- նշել է նա։ Նա նաև հայտարարել է, որ հարկերը թաքցնելու առնչությամբ իր հասցեին մեղադրանքները ևս անհիմն են, քանի որ հարկային մարմինները մշտապես ստուգումներ են իրականացնում իրեն պատկանող ձեռնարկություններում: ՙԺողովուրդը շատ լավ գիտի, թե ուր են գնացել այդ փողերը: Ինչպես որ գիտի, թե ովքեր են բյուջեն տարիներով մսխում և ՙատկատներով՚ զբաղվում՚,- նշել է Ծառուկյանը: