


Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը
կարծում է, որ փետրվարի 20-ին ընդդիմադիր եռյակի հանրահավաքի ընթացքում
իշխանությունները կհասկանան, որ զուր են «ճակատամարտ» սկսել ԲՀԿ նախագահ Գագիկ
Ծառուկյանի դեմ:
Նա համոզված է, որ փետրվարի 20-ին Ազատության հրապարակը
լեփ-լեցուն կլինի, և փողոց դուրս կգա այնքան մարդ, որքան դուրս չի եկել վերջին
տասնամյակում: Ընդ որում քաղաքական գործիչը հայտարարել է, որ ինքն անձամբ ներկա
կլինի հանրահավաքին և, նույնիսկ, հնարավոր է, հանդես գա ելույթով: Քաղաքական
գործիչը նաև նողկալի է համարել ԲՀԿ անդամների և Ծառուկյանի միջև պառակտում
մտցնելու ՀՀԿ փորձերը: «Հանրապետականներն անմիջապես հիշեցին ինտելեկտի և
ինտելիգենտության մասին, չվճարված հարկերի մասին` մոռանալով իրենց
պաշտոնյաների դաստիարակության մակարդակի և
իրենց չվճարած հարկերի մասին», - նշել է քաղաքական գործիչը:
Նա
ընդսմին նշել է, որ չափազանց վրդովված է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և մամուլի
քարտուղար Էդուարդ Շարմազանովի կեցվածքից, որոնք, նրա կարծիքով, անցել են էթիկայի
բոլոր նորմերը: Կարապետյանը նաև չի համաձայնել
փորձագետների այն կարծիքներին, թե ՀՀԿ-ԲՀԿ առճակատումը քաղաքական շոու է: Նրա
համոզմամբ, Ծառուկյանն ազնիվ պայքար է մղում: Ընդ որում քաղաքական գործիչը չի
բացառել, որ Ծառուկյանի և ԲՀԿ-ի միջոցով փորձում է իշխանության վերադառնալ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Հնարավոր է, սակայն, չեմ կարծում,
թե ժողովուրդը դա թույլ կտա», - ամփոփել է նա:



