Արմինֆո. Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ "բաժանիր և տիրիր" փիլիսոփայությունն ակտիվորեն կիրառվում է Արևմուտքի կողմից՝ նախկին Խորհրդային Միության պետությունների նկատմամբ։ Այդ մասին սեպտեմբերի 30-ին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ԱՊՀ անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների 18-րդ խորհրդակցության ժամանակ։
"Նպատակը միանգամայն հասկանալի է. էլ ավելի մասնատել հետխորհրդային տարածքը, պառակտել մեր երկրներն ու ժողովուրդներին, պարտադրել փոխգործակցության ոչ շահավետ սխեմաներ, դուրս մղել համաշխարհային գործընթացների ետնաբակեր", - ասել է Լավրովը:
Նրա ասելով՝ նման ապակառուցողական գծի ամենավառ արդյունքն Ուկրաինան հակառուսական պլացդարմի վերածելն է։ Ընդ որում, նա հավելել է, որ "հենց դրան են ուղղված եղել Կիեւում ռուսատյաց ռեժիմի հաստատման ջանքերը, զինված ուժերի եւ նեոնացիստական կազմավորումների ժամանակակից զենքով զինումը":
Լավրովը նաեւ հիշեցրել է երկու տարի առաջ Բելառուսում գունավոր հեղափոխություն իրականացնելու փորձի մասին: "Բայց ակնհայտ է, որ ներքին գործերին նման միջամտություններից ապահովագրված չէ ԱՊՀ ոչ մի պետություն։ Դա հստակ երեւում է Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, Եվրամիության հանդուգն գործողություններից", - կարծում է Ռուսաստանի ԱԳ նախարարը։ Ընդ որում, նա մատնանշել է արագ փոփոխվող աշխարհում ԱՊՀ երկրների ազնիվ եւ բաց փոխգործակցության ընդլայնման հրամայականը՝ ազգային անվտանգության ապահովման համար: "Ընդհանուր սպառնալիքներին եւ մարտահրավերներին, այդ թվում ՝ Աֆղանստանից բխող, գործուն արձագանքելու նպատակով մեծ նշանակություն ենք տալիս ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցության խորացմանը", - ասել է Լավրովը, հիշեցնելով ընթացիկ տարվա հունվարին Ղազախստանում ՀԱՊԿ-ի հաջող խաղաղապահ առաքելության մասին, որը վկայում է կազմակերպության հասունության մասին: "Այժմ քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների պայմանավորվածությունների իրականացման, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ, ընդհանուր առմամբ, Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման նպատակով, ներառյալ համապատասխան պայմանագրի ստորագրումը, բարենպաստ պայմանների ստեղծմանն աջակցելու համար: Կարծում եմ, որ ԱՊՀ կողմից աջակցությունը նույնպես պահանջված կլիներ", - ասել է Լավրովը։