
ՙՍինջար եզդիների ազգային միավորում՚ հասարակական կազմակերպությունն իր բողոքն է հայտնում ՀՀ ԱԺ շրջանառության մեջ դրված`1914-23 թթ. Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարության նախագծի դեմ:
ՙԱմիսներ առաջ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն Ազգային Ժողով էր ներկայացրել հայտարարության նախագիծ, որը դատապարտում էր Օսմանյան կայսրությունում եզդիների, հույների, ասորիների և այլ ազգային-կրոնական փոքրամասնությունների ցեղասպանությունը: Հանրապետական խմբակցության ջանքերով այս հայտարարության նախագիծը մերժվեց:
Մերժումը ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հիմնավորեց նրանով, որ նշված հայտարարությունը արտաքին քաղաքականության մասով շահեկան չէ Հայաստանի համար: Եվ ահա որոշ ժամանակ անց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հեղինակում է գրեթե համանման հայտարարության նախագիծ, որի հիմնական տարբերությունը պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագծից այն էր, որ բացակայում էր եզդիների ցեղասպանության հիշատակումը: Նման պահվածքը Հայաստանի եզդի համայնքի համար անհասկանալի է և զարմացնող: Ինչու՞ է ԱԺ-ն մոռացության մատնում նույն կայսրության տարածքում եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Հայտնի է, որ մինչև 1914 թվականը, Օսմանյան կայսրության տարածքում բնակվող 200 հազար եզդի ընտանիքներից կարողացան փրկվել միայն 14 հազարը և հետագայում էլ եզդիները շարունակվեցին հալածանքների ենթարկվել՝ հայ փախստականներին իրենց տներում պահելու մեղադրանքով: Ինչու՞ է Հայաստանի օրենսդիրը մոռանում այս փաստերի մասին և մի՞թե եզդիների ցեղասպանության հանգամանքն էր ՀՀ արտաքին քաղաքականության տեսանկյունից ոչ ձեռնտու:
ՙՍինջար եզդիների ազգային միավորում՚ հասարակական կազմակերպությունը դատապարտում է օրենքի համահեղինակ պատգամավորների վերաբերմունքը առ եզդի ժողովուրդ և կոչ անում նշված հայտարարության նախագծում կատարել անհրաժեշտ փոփոխություններ՝ հակառակ պարագայում մենք այն կընկալենք, որպես խտրականություն եզդի ժողովորդի նկատմամբ՚,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ:
ՙ1914-23 թթ. Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու վերաբերյալ՚ նախագծի համահեղինակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, արձագանելով եզդիական համայնքի այդ հայտարարությանը, մասնավորապես, նշել է. ՙՕսմանյան Թուրքիայում հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը չի կարելի էմոցիոնալ հարթության մեջ դիտարկել՚: Նրա խոսքով, մշակվում է փաստաթուղթ, վերջինիս հեղինակներն ուսումնասիրել են բոլոր փաստերը`ՄԱԿ-ի համապատասխան Կոնվենցիան, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի 2007 թ. որոշումը, որում ամրագրված է, որ 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքայում տեղի է ունեցել հայերի, հույների և ասորիների ցեղասպանություն, և այս առնչությամբ բերված են բազմաթիվ փաստեր, մասնավորապես`Սալոնիկի համաժողովի փաստաթղթերը, Թալիաթի և Էնվերի նամակները: ՙՆույն Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան 2007 թվականին քննարկել է 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում եզդիների հնարավոր ցեղասպանության հարցը, սակայն դրա փաստաթղթային հիմնավորումներ չի գտել: Իսկ եթե կան 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում եզդիների ցեղասպանությունը հաստատող փաստեր, թող եզդիական համայնքը ներկայացնի դրանք, և որևէ խնդիր չկա, մենք առանձին փաստաթղթով կճանաչենք և կդատապարտենք նաև եզդիների ցեղասպանությունը: Անձամբ ես բազմիցս այդ առաջարկով դիմել եմ եզդիական համայնքին, սակայն, որևէ փաստաթուղթ մինչ այժմ ինձ չի ներկայացվել՚,- հայտարարել է Շարմազանովը`ընդգծելով, որ եթե օրենսդիր մարմինը որևէ որոշում է կայացնում, այն պետք է բոլոր առումներով հիմնավորված և կատարյալ լինի:
Այնուհետև նա ավելացրել է, որ 2015 թ. Երևանում տեղի կունենա Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի համաժողովը, և եթե եզդիական համայնքը 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում եզդիների ցեղասպանության փաստը հաստատող փաստաթղթեր ունի, կարող է ներկայացնել դրանք այդ համաժողովի ժամանակ: