Արմինֆո. Ֆրանսիան աջակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելություն տարածաշրջան ուղարկելու նախաձեռնությանը։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, պատասխանելով այն հարցին, թե արդյոք մոտ ապագայում պետք է ակնկալել առաքելության ժամանում տարածաշրջան, հաշվի առնելով, որ արդեն երկու տարի է անցել այդ մասին պայմանավորվածության ձեռք բերումից, սակայն այդ հարցում առաջընթաց չկա, իսկ հայկական հուշարձանների ոչնչացումը շարունակվում է:
"Ֆրանսիան աջակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելությունը տարածաշրջան ուղարկելու նախաձեռնությանը, սակայն, ցավոք, միջազգային կազմակերպություններում որոշումները կայացվում են ոչ մեկ երկրի կողմից։ Պետք է կոնսենսուս ձեռք բերվի", - ասել է դիվանագետը։
Ճշգրտող հարցին՝ թե արդյոք դրանից հետեւում է, որ Ադրբեջանից բացի կան նաեւ այլ պետություններ, որոնք դեմ են գնահատման առաքելություն ուղարկելուն, Լույոն փաստել է, որ այդ երկրները ոչ թե դեմ են, այլ՝ չեզոք:
Հիշեցնենք, որ դեռեւս 2020թ. նոյեմբերի 20-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն հաղորդել էր Ղարաբաղ առաքելությունն ուղարկելու՝ կազմակերպության պատրաստակամության մասին' օգնելու տարածաշրջանի պատմամշակութային ժառանգության վերականգնմանը: Իսկ արդեն նույն տարվա դեկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Էռնեստո Օտտոնեն նշել էր, որ կազմակերպությունն "առայժմ միայն Ադրբեջանի պատասխանին է սպասում, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարողանա շարունակել աշխատանքը առաքելության ուղղությամբ տեղերում": Իր հերթին՝ Ադրբեջանի ԱԳՆ-ը 2020 թվականի դեկտեմբերի 22-ին տարածած կոմյունիկեում կոչ էր արել ՅՈՒՆԵՍԿՕ-ին չքաղաքականացնել Ղարաբաղում մշակութային ժառանգության պաշտպանության հարցը եւ հայտարարել էր, որ Բաքուն "բաց է կառուցողական երկխոսության' առաքելության կազմակերպման մանրամասները քննարկելու համար": Ռուսաստանի ԱԳՆ-ը բազմիցս հայտարարել է այն մասին, որ Մոսկվան ակնկալում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ՝ արդեն մոտ ժամանակներս: Սակայն հարցը դիտավորյալ ձգձգվում է ադրբեջանական կողմից, և այդ ֆոնին Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Լեռնային Ղարաբաղի տարածքներում կատարվում են վանդալիզմի ակտեր, քանդվում են հայկական պատմամշակութային հուշարձանները, կեղծվում է հուշարձանների ինքնությունը։