Արմինֆո.Հայաստանի կառավարության շենքի առջեւ ընթանում է Արմավիրի մարզի խաղողագործների ակցիան, որոնք կառավարությունից պահանջում են լուծել առկա խնդիրները:
Ցուցարարների խոսքով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, պարզապես, "գցել" է նրանց։ Սկզբում հայտարարվել է, որ ֆերմերները պետք է պայմանագրեր կնքեն մթերողների հետ՝ մինչև փետրվարի 1-ը, որպեսզի խաղողագործները նախապես իմանան այն ձեռնարկությունները, որոնք իրենցից խաղող կգնեն համաձայնեցված գնով և ծավալներով։ Հետո այդ ամսաթիվը հետաձգվել է մինչև մարտի 1-ը, և ձգվում է արդեն երկար ժամանակ։ Արդյունքում՝ հավաքված խաղողը փչանում է, ինչն արտացոլվում է խաղողագործների վիճակի վրա։
Նրանք նաև մատնանշել են գնման գնի հետ կապված խնդիրները։ "20 տարի առաջ խաղողի ինքնարժեքը կազմում էր 100-105 դրամ։ Անցած ժամանակահատվածում, հաշվի առնելով տարեկան միջինը 5 տոկոս գնաճը, խաղողի ինքնարժեքը զգալիորեն բարձրացել է, և, մեր գնահատմամբ, այսօր հավասար է 150-160 դրամի, բայց, ինչպես մեզ հայտնեցին, մթերման գինը կարող է կազմել 120-125 դրամ։ Հույս ունենք, որ կառավարության կողմից մեր խնդիրը դրական լուծում կստանա, իսկ էկոնոմիկայի նախարարը, որը դեռ կես տարի առաջ պետք է լուծեր այդ հարցը, մեզ պարզապես "գցեց"։ Եթե նա նախապես տեղեկացներ, որ ոչ մի մթերման շրջան չի լինելու, կամ խաղողը մթերող ընկերություններին կվաճառվի 100 դրամով, ես չէի աճեցնի այդ մշակաբույսը, որում ներդրել եմ 2 մլն դրամ", - ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, հավելելով, որ իր գործընկերների թվում շատ ֆերմերներ կան, որոնց պահեստներում կուտակվել է մինչեւ 200 հազար տոննա խաղող, իսկ բանկերում՝ ներգրավված վարկերի տոկոսները: Ընդ որում, այդ վարկերի համար կան նաեւ բազմաթիվ երաշխավորներ։ "6 ամիս մեզ խաբել են, պատկերացրեք ձեզ մեր տեղում եւ ասեք, թե ինչ կարծիք ունեք այս կառավարության մասին", - հայտարարել է բողոքի ակցիայի մասնակիցը: