


102-րդ ռուսական ռազմակայանի ղեկավարությունը կփոխվի:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են 102-րդ ռազմակայանի
աղբյուրները, ռազմակայանի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուձինսկին կհեռանա
զբաղեցրած պաշտոնից: Հայտնի է դարձել նաև հոգեբանի պաշտոնանկության մասին, որն
Ավետիսյանների ընտանիքի սպանության շրջանում պատասխանատու էր զինծառայողների հետ
խորհրդատվությունների համար:
Հիշեցնենք,
որ հունվաիր 12-ին Գյումրիում սպանվել են Ավետիսյանների ընտանիքի 7 անդամները:
Սպանդի համար մեղադրվում է ռուսաստանցի զինծառայկող Վալերի Պերմյակովը, որը տվյալ
պահին պահվում է 102-րդ ռազմակայանում: Հունվարի 14-ին Հայաստանի գլխավոր
դատախազությունը հաղորդել էր, որ Պերմյակովին
հայկական կողմին հանձնելու հարց չի քննարկվում, քանի որ Ռուսաստանի
օրենսդրության համաձայն, ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ երկրի: Սակայկն
102-րդ ռազմակայանի մոտ բազմահազարանոց բողոքի ակցիաներից և նախագահական
նստավայրում խորհրդակցությունից հետո Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը
հայտարարել էր, թե այդ գործի նախաքննությունը կընթանա Հայաստանի և Ռուսաստանի
օրենսդրություններին համապատասխան` երկու երկրների օրենսդրական ակտերի համադրմամբ:
Ընդ որում նա հատկապես ընդգծել էր, որ հանցագործը պատիժը կրելու է Հայաստանի
տարածքում. և դատավարությունը հեռարձակվելու է` հասարակական հակազդեցությունից
խուսափելու նպատակով: Հավելենք, որ ռուսական ռազմական կայազորային դատարանի
որոշմամբ, 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը կալանավորվել
է երկու և ավելի անձանց սպանության, ինչպես նաև զենքը ձեռքին դասալքության
մեղադրանքով:


