Արմինֆո.ԱՄՆ կառավարությունը պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին, սակայն չի կարող նրան տրամադրել զենք, որը կընկնի Ռուսաստանի ձեռքը։ Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, այդ մասին հայկական արմատներով կոնգրեսական Ջեքի Սփեյերը հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի նախաձեռնությամբ կազմակերպված առցանց հանդիպման ժամանակ:
"Դրա համար մեր ձեռքերը, ինչ-որ առումով, կապված են։ Հուսով եմ, որ Հայաստանը նույնպես կգնա Ուկրաինայի ճանապարհով և "հակահարված կտա Ռուսաստանին"։ Ես չէի ցանկանա, որ երկիրը վերադառնա Խորհրդային Միության ժամանակներ", - հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփեյերը։
Այն հարցին, թե ինչ կարող է անել ԱՄՆ-ը՝ Ադրբեջանին զենքի մատակարարումը կանխելու համար, կոնգրեսականը հույս է հայտնել, որ, հաշվի առնելով 907-րդ ուղղումը, առաջիկայում Ադրբեջանին ֆինանսավորում չի տրամադրվի: Ընդ որում, նա հավելել է, որ ՀՀ-ին ցուցաբերվող աջակցությունը 45 միլիոն դոլարից ավելացել է մինչև 60 միլիոն դոլար։
Ավելի վաղ Ամերիկայի հայ ազգային կոմիտեն հաղորդել էր, որ 1991 թվականին Հայաստանի անկախության հռչակումից ի վեր առաջին անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգները Կոնգրեսի երկու պալատների մշտական ճնշման ներքո դիտարկում է հանրապետությանն ամերիկյան սպառազինություն վաճառելու հնարավորությունը:
Նշենք, որ Հայաստանին ամերիկյան սպառազինության հնարավոր վաճառքի մասին խոսակցությունները նոր չեն։ Այդ մասին դեռևս 2018թ. հոկտեմբերին Երևանում ասել էր ԱՄՆ այն ժամանակվա նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ "Մենք ունենք սահմանափակումներ, որոնք Կոնգրեսը դրել է Միացյալ Նահանգների վրա՝ հակամարտության պատճառով Ադրբեջանին և Հայաստանին զենք վաճառելու տեսանկյունից ։ Բայց կան բացառություններ: Եվ եթե խոսքը գնում է կամ ռուսական ռազմական տեխնիկայի, կամ ամերիկյան տեխնիկայի գնման մասին, ապա մենք կնախընտրեինք վերջինը։ Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան, այնուամենայնիվ, ավելի լավ է, քան ռուսականը: Ուստի մենք ցանկանում ենք դիտարկել նման հնարավորությունը։ Եվ ես կարծում եմ, որ դա մեծացնում է Հայաստանի հնարավորությունները, երբ նա ամբողջությամբ կախված չէ մեկ մեծ տերությունից", - նշել էր Բոլթոնը։
Հարկ է հավելել, որ չնայած Տաջիկստանն ու Ղրղզստանը Ռուսաստանի հետ ոչ պակաս սերտ կապեր ունեն, դա նրանց չի խանգարում սպառազինություն ձեռք բերել ԱՄՆ-ից։ Երկու պետություններն էլ գտնվում են ՀԱՊԿ-ում։ Տաջիկստանում տեղակայված է ռուսական բազա։ Եվ, այնուամենայնիվ, նրանք բացահայտ զենք են գնում Միացյալ Նահանգներից, և Վաշինգտոնում մտավախություն չունեն, որ այն կարող է հայտնվել Ռուսաստանի ձեռքում։