Արմինֆո. ԱՄՆ-ը կարող է սկսել Հայաստանին սպառազինության վաճառքը։ Այդ մասին ասվում է Հայ ազգային կոնգրեսի Twitter-ի էջում։
"1991 թվականին Հայաստանի անկախության հռչակումից ի վեր առաջին անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգները Կոնգրեսի երկու պալատների մշտական ճնշման ներքո դիտարկում է հանրապետությանը ամերիկյան սպառազինություն վաճառելու հնարավորությունը", - ասվում է հաղորդագրությունում:
Դրանում նաեւ ընդգծվում է, որ այդ սպառազինությունը Հայաստանին թույլ կտա պաշտպանվել Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ իրականացվող անողոք ագրեսիայից եւ էթնիկ զտումից:
Նշենք, որ Հայաստանին ամերիկյան սպառազինության հնարավոր վաճառքի մասին խոսակցությունները նոր չեն։ Այդ մասին դեռևս 2018թ. հոկտեմբերին Երևանում ասել էր ԱՄՆ այն ժամանակվա նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ "Մենք ունենք սահմանափակումներ, որոնք Կոնգրեսը դրել է Միացյալ Նահանգների վրա՝ հակամարտության պատճառով Ադրբեջանին և Հայաստանին զենք վաճառելու տեսանկյունից։ Բայց կան բացառություններ: Եվ եթե խոսքը գնում է կամ ռուսական ռազմական տեխնիկայի, կամ ամերիկյան տեխնիկայի գնման մասին, ապա մենք կնախընտրեինք վերջինը։ Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան, ամեն դեպքում, ավելի լավն է՝ քան ռուսական: Ուստի մենք ցանկանում ենք դիտարկել նման հնարավորությունը։ Եվ ես կարծում եմ, որ դա մեծացնում է Հայաստանի հնարավորությունները, երբ այն ամբողջությամբ կախված չէ մեկ մեծ տերությունից", - նշել էր Բոլթոնը։