
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հասցեին Հայաստանի
նախագահ Սերժ Սարգսյանի սուր քննադատությունից և ԲՀԿ-ՀՀԿ բացահայտ առճակատումից
հետո, ինչպես և սպասվում էր, «բարգավաճների» շարքերից «արտահոսք» է սկսվել. առաջին
«ծիծեռնակը» դարձավ պատգամավոր Արագած Ախոյանը: Նախօրեին «Ֆեյսբուքի» իր էջում
Արագած Ախոյանը, մասնավորապես, հայտարարել է, որ «դադարեցնում է անդամակցությունը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը»` ԲՀԿ և ՀՀԿ
միջև առճակատման առնչությամբ:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանդիսանալով <<Արևմտահայոց Ազգային Համագումար>> միջազգային կազմակերպության ազգային խորհրդի հիմնադիր անդամ և լիազոր ներկայացուցիչը՝ ՀՀ-ում, վերջին երկու տարիների ընթացքում ես առավելապես զբաղվել եմ Արևմտահայկական խնդիրներով, համահայկական մշակութային ծրագրերով և իհարկե նաև իմ ընտրատարածքի զարգացման հիմնախնդիրներով: Ներկա պահին անթույլատրելի եմ համարում մասնակցել նման ներքաղաքական լարման տանող գործընթացներին, հաշվի առնելով ՀՀ և ԼՂՀ սահմանների օրեցօր աճող ոչ ցանկալի իրավիճակը և Հայոց Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ կազմակերպվող համահայկական միջոցառումները, որտեղ ինքս ունեմ իմ պատասխանատվության բաժինը: Ավելորդ չեմ համարում տեղեկացնել նաև , որ ԲՀԿ ղեկավար անձերի հետ առանձնազրույցների ժամանակ բազմիցս զգուշացրել եմ, որ, եթե կուսակցությունը որդեգրի այնպիսի քաղաքականություն, որը կտանի ներքաղաքական ակնհայտ առճակատումների և կստեղծի անհամատեղելիություն իմ հասարակական գործունեության հետ, որպես <<Արևմտահայոց Ազգային Համագումար>> կազմակերպության ազգային խորհրդի անդամ, ապա ստիպված եմ լինելու դադարեցնել իմ կուսակցական գործունեությունը: ՀՀ Ազգային Ժողովում կշարունակեմ աշխատանքներս որպես անկուսակցական պատգամավոր», - գրել է
Արագած Ախոյանը:
Շրջանառվող լուրերի
համաձայն, հանրապետականների հետ հարաբերությունների սրումից հետո ԲՀԿ շարքերը
մտադիր են լքել նաև այլ պատգամավորներ: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, ԲՀԿ-ից
պատգամավոր-ձեռներեցներ Հարություն Ղարագյոզյանին և Կարո Կարապետյանին: Սակայն
նրանք առայժմ կուսակցությանն իրենց անդամությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումներ
չեն ներկայացրել: