Արմինֆո. Ադրբեջանի կառավարությունը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանից (ՄԻԵԴ) լրացուցիչ ժամանակ է խնդրել սեպտեմբերի 13-15-ը լայնամասշտաբ ագրեսիայի ընթացքում գերեվարված հայ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրելու համար: Այդ մասին հաղորդել է ՄԻԵԴ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը։
" Ի պատասխան ՀՀ կառավարության կողմից Ադրբեջանի դեմ Եվրոպական դատարան ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին մի շարք պահանջների, Ադրբեջանի կառավարությունը Եվրոպական դատարանից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար։ Խնդրանքը բավարարվել է դատարանի կողմից։ Ադրբեջանի համար նշանակված նոր վերջնաժամկետը սեպտեմբերի 29-ն" է, - ասվում է հաղորդագրությունում։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆո-ն, սեպտեմբերի 13-ին Հայաստանը դիմել էր Եվրոպական դատարան Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ ձեռնարկելու պահանջով: Ներկայացված դիմումները վերաբերում են Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի գնդակոծմանը, քաղաքացիական բնակչության եւ ռազմագերիների հիմնական իրավունքների պաշտպանությանը: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում Հայաստանն ունի մեկ հաստատված գերի: "Նրան կարողացել են նույնականացնել տեսագրություններով, որոնք տարածվում են համացանցում։ Զինվորականը վիրավոր է", - ասել էր նա, հավելելով, որ Հայաստանն արդեն դիմել է ՄԻԵԴ ՝ ապահովելու իր զինծառայողի իրավունքներն ու ֆիզիկական անձեռնմխելիությունը։ Ավելի ուշ իրավապաշտպանները հաղորդել են մինչեւ 20 զինծառայողների գերեվարման մասին։