Արմինֆո. Սեպտեմբերի 21-ին Օտտավայում տեղի են ունեցել քաղաքական առաջին խորհրդակցությունները Հայաստանի Հանրապետության և Կանադայի արտաքին գերատեսչությունների միջև։ Հայկական կողմը ներկայացրել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, կանադականը՝ ԱԳ նախարարի փոխտեղակալ Սանդրա ՄկՔարդելը։
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, զրուցակիցները քննարկել են Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու վերաբերյալ Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի զեկույցի իրականացմանն ուղղված հարցերը։ Երկուստեք կարևորվել է հայ-կանադական բարեկամական հարաբերությունների առավել զարգացման ու ընդլայնման նպատակով Հայաստանում դեսպանություն հիմնելու վերաբերյալ Կանադայի որոշումը։ Քննարկվել է նաև փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգային խնդիրներին և միջազգային օրակարգի հրատապ հարցերին։ Այս համատեքստում Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիան և դրա հետևանքները, հրադադարի ձեռքբերման և պահպանման ուղղությամբ գործընկեր երկրների ջանքերը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ներկա իրավիճակը։
Այցի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալը հանդիպումներ է ունեցել նաև Կանադայի ԱԳ նախարարի տեղակալ Սինտիա Թերմորշույզենի, Միջազգային առևտրի նախարարի տեղակալ Դեյվիդ Մորիսոնի, Կանադայի Սենատի Արտաքին հարաբերությունների և միջազգային առևտրի մշտական հանձնաժողովի նախագահ Փիթեր Բիմի, Կանադայի ԱԳ նախարարի խորհրդարանական քարտուղար Ռոբերտ Օլիֆանտի, Կանադայի վարչապետի աշխատակազմի արտաքին և պաշտպանական հարաբերությունների գծով պատասխանատու Ջորդան Զեդի հետ։
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է նաև Կանադա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ։ Օտտավայի Կարլտոն համալսարանում Պարույր Հովհաննիսյանը հանդես է եկել Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ դասախոսությամբ։