
Այսօր տեղի է ունեցել
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ
Նախագահ, ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի
ծառայությունը, նիստի մասնակիցներին ուղղված բացման խոսքում Նախագահը նշել է.
«Շուրջ քառորդ դար մեր պետությունն անցել է ժողովրդավարական ինստիտուտների
կայացման բարդ ճանապարհ: Մեր պետականության կառուցումը խարսխված է եղել իրավունքի
գերակայության, խոսքի ազատության, քաղաքական բազմակարծության և այլ հիմնարար
սկզբունքների վրա, որոնք երբեք կասկածի տակ չեն առնվել: Ցավոք սրտի, իհարկե, եղել
են ժամանակահատվածներ, երբ այս սկզբունքներն ավելի շատ կրում էին դեկլարատիվ
բնույթ և իրականությանը չէին համապատասխանում: Միաժամանակ մշտապես գիտակցել ենք,
որ կան արժեքներ, որոնք վեր են անձնական, խմբակային, կուսակցական և այլ շահերից:
Դրանց շարքում կարևորագույներից մեկը մեր երկրի ներքին անդորրի և համերաշխության
ապահովումն է, որը ներկայիս տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումների
լույսի ներքո էլ ավելի արժեքավոր է դառնում»:
«Այս արժեքի պահպանումն ինքնին ենթադրում է նաև
քաղաքական պայքարի առկայություն և տարաբնույթ շահերի արտահայտման ու պաշտպանության
համար ժողովրդավարական հասարակությունում ճանաչված այլ միջոցների կիրառում:
Սակայն վերջին ժամանակներս ավելի են ընդգծվում առանձին
անձանց օրակարգում տեղ գտած հարցերը քաղաքական գործընթացների շրջանակներից դուրս
բերելու և դրանց այլ լուծումներ տալու մտադրություններն ու փորձերը: Մինչ օրս
համապատասխան գործողություններին տրված գնահատականները և դրանց առթիվ կատարված
վերլուծություններն առավելապես ունեցել են քաղաքական ուղղվածություն:
Կարծում եմ, որ այսօր ժամանակն է նման գործողությունները
և դրանց հետ առնչվող երևույթները քննարկել նաև ազգային անվտանգության
տեսանկյունից: Մեր խնդիրն է գնահատել, թե որքանով են առկա սպառնալիքները վտանգում
անձի, հասարակության և պետության կենսականորեն կարևոր շահերը, ձևավորել ընդհանուր
մոտեցում, թե ինչպիսին պետք է լինեն այդ սպառնալիքների չեզոքացման միջոցները:
Ասվածը բնավ չի նշանակում, որ հասարակության բնականոն
գործունեության համար կարևոր մի շարք հարցերի կապակցությամբ պետությունը չի
ունեցել որոշակի վերաբերմունք կամ նոր դիրքորոշումներ է ձևավորում»,-նշել է Սերժ
Սարգսյանը:
«Մասնավորապես, պետությունը երբեք չի խրախուսել
բռնությունների միտված երկիմաստ քարոզչությունը, լավ թե վատ, թեև դա այս պահի
խնդիր չէ, փորձել է վերահսկել ֆինանսական միջոցների գոյացման օրինականությունը,
ինչ որ չափով արձագանքել է կասկածելի ֆինանսական ռեսուրսները քաղաքական նպատակներով
օգտագործելու երևույթին, պարբերաբար հակազդել է մասնավոր շահերի պաշտպանության
համար տեխնիկական և կազմակերպական հնարավորությունների անհամաչափ գործածմանը:
Իհարկե, այս ամենը պետական իրավասու մարմինների ամենօրյա
գործունեության բաղկացուցիչ մասն է: Սակայն երբ նման բացասական երևույթները
միավորվում և ծառայեցվում են երկրի ազգային անվտանգությանը հակադրվող շահերի
սպասարկմանը, դրա նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի սկզբունքորեն այլ: Թե
ինչպիսին, կքննարկենք այսօր»,-եզրզփզկել է ՀՀ նմախագահը:
Նշենք,
որ ԱԱԽ նիստում տեղի ունեցած քննարկումների արդյունքում ձևավորվել է ընդհանուր
մոտեցում երկրի ազգային անվտանգությանը սպառնացող երևույթները գնահատելու և դրանց
վտանգավորության աստիճանին համարժեք միջոցներ ձեռնարկելու կապակցությամբ: ԱԱԽ
անդամները միակարծիք են եղել, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության
դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի չեզոքացման միջոցները պետք է համապատասխանեն
օրինականության և արդարության չափանիշներին: