
ԱՄՆ
դեսպանություններն աշխարհի բոլոր երկրներում աշխատում են բոլոր քաղաքական ուժերի
հետ, և Հայստանն այդ առումով բացառություն չէ: Այս մասին այսօր Երևանում կայացած
մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլզը,
պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն կլինի դեսպանության համագործակցությունն
ընդդիմադիր ուժերի հետ` ՀՀ նախագահի փետրվարի 12-ին կատարած հայտարարություններից
հետո, որտեղ պիտակավորվեցին ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները:
«Մենք
շարունակում ենք աշխատել թե քաղաքական ուժերի, թե ոչ կառավարական
կազմակերպույթունների, և թե ակտիվիստների հետ»,-նշել է դիվանագետը:
Միևնույն ժամանակ
նա հրաժարվել է մեկնաբանել ՀՀ նախագահի ելույթը, բայց նշել է, որ ինքը ծնունդով
Լուիզիանայից է, որտեղ ածականներով դիմելը սովորական երևույթ է:
Սակայն Միլզը
նշել է, որ եթե ՀՀ նախագահն անհրաժեշտ է գտնում հետաքննություն անցկացնել որևէ
գործով, ապա այն պետք է լինի հանգամանորեն ու մանրակրկիտ:
«Գտնում եմ, որ ՀՀ նախագահը քաջ տեղյակ է այդ
մասին»,-նշել է դիվանագետը: Այդ համատեքստում նա հավելել է, որ եթե արձանագրվեն
որևէ խախտումներ, ապա այդ մասին անպայման կասվի:
Նշենք, որ փետրվարի 12-ին կայացած ՀՀԿ խորհրդի նիստում` Սերժ Սարգսյանը սուր քննադատության էր ենթարկել Ծառուկյանի «կեղծքաղաքական» գործունեությունը և հայտարարել, որ մտադիր է նրան զրկել ԱԱԽ անդամի կարգավիճակից, քանի որ «երկրի անվտանգության բարձրագույն մարմինը կինոթատրոն չէ, որ ով երբ ցանկանա գա, երբ չցանկանա՝ չգա»:
Իր պատասխան ելույթում, ԲՀԿ Քաղխորհրդի նիստից հետո, Ծառուկյանը համազգային մոբիլիզացիայի կոչ է արել, ունենալով մեկ նպատակ`
քաղաքական բոլոր օրինական մեթոդներով
(անդադար հանրահավաքներ, երթեր, ցույցեր, անհնազանդություն և այլն) հասնել Սերժ
Սարգսյանի պաշտոնանկությանը` ազատվելու համար չարիքի այս իշխանությունից։ Նրա խոսքով, «այս իշխանությունը անհապաղ պետք է հեռացվի, և մենք պետք է փակենք
մեր պատմության անփառունակ և ամոթալի այս էջը։ Հայաստանը պետք է մաքրել գաղջ
մթնոլորտից : Մեր խոսքը գործ է։ Իմ կյանքի ամենամեծ գործն այժմ ես համարում եմ չարիքի
իշխանությունից Հայաստանն ազատելը։ Բոլորիս հաղթանակ եմ մաղթում՚», - ասել է նա: