
ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի այսօրվա ելույթը ԲՀԿ քաղխորհրդում հուսահատ մարդու խոսք էր հիշեցնում, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանը:
Նրա խոսքով, հասկանալի է, որ իր հասցեին նախագահի երեկվա քննադատությունից հետո Ծառուկյանն սկսել է հանդես գալ քաղաքական զոհի դերում`հայտարարելով, որ իրեն հետապնդում են բացառապես իր սկզբունքային քաղաքական դիրքորոշումների համար: ՙԲայց պետք է հավաստեմ, որ Ծառուկյանը հերթական անգամ չի գիտակցում, թե ինչի մասին է խոսում: Նա պնդում է, որ Սերժ Սարգսյանն առաջարկել է նախագահի պաշտոնը սահմանադրությունը փոխելուց հետո, բայց ինքը, սկզբունքային նկատառումներից ելնելով, հրաժարվել է: Բայց փաստ է, որ Ծառուկյանը նույնիսկ չի ընթերցել սահմանադրական բարեփոխումների նախագիծը, քանի որ այնտեղ նշված է, որ նախագահ կարող է լինել միայն անկուսակցական թեկնածուն, ինչպե՞ս կարող էր Սերժ Սարգսյանն այդ պաշտոնն առաջարկել ԲՀԿ առաջնորդին՚,- նշել է Սահակյանը:
Ըստ որում, նա ընդգծել է, որ ընդհանուր առմմաբ Հայաստանի քաղաքական կյանքն ընթանում է բնականոն հունով, և մտահոգվելու հարկ չկա: ՙՎստահ եմ, որ ՀՀ նախագահի երեկվա ելույթից հետո ամեն ինչ լավ կլինի, որ ժողովրդի շատ սպասումներ կիրականացվեն, որ արդարության համար պայքարը նոր ընթացք կստանա, և օրենքի առաջ հավասարաչափ պատասխան կտան բոլոր նրանք, ովքեր այն խախտում են`անկախ կուսակցական պատկանելիությունից՚,- ամփոփել է Սահակյանը:
Նշենք, որ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ քաղխորհրդում ելույթի ժամանակ ՙբացահայտել է՚ նախագահ Սերժ Սարգսյանի զայրույթի և ՀՀԿ Խորհրդի նիստի ժամանակ իր հասցեին քննադատության իրական պատճառները: ՙՈւզում եմ բացել բոլոր փակագծերը և լինել անկեղծ։ Ինձ առաջարկվել են համագործակցության բազմաթիվ տարբերակներ, անձնական շահեկան առաջարկներ, այդ թվում՝ նախագահի պաշտոնը սահմանադրությունը փոխելուց հետո` մեկ պայմանով, որ ես համաձայնեմ իր իշխանության վերարտադրությանը՚,- նշել է նա։ Նա նաև հայտարարել է, որ հարկերը թաքցնելու առնչությամբ իր հասցեին մեղադրանքները ևս անհիմն են, քանի որ հարկային մարմինները մշտապես ստուգումներ են իրականացնում իրեն պատկանող ձեռնարկություններում: ՙԺողովուրդը շատ լավ գիտի, թե ուր են գնացել այդ փողերը: Ինչպես որ գիտի, թե ովքեր են բյուջեն տարիներով մսխում և ՙատկատներով՚ զբաղվում՚,- նշել է Ծառուկյանը: