
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը
երկկող հանդիպումներ է անցկացնում ոչ իշխանական եռյակի
մյուս ուժերի
ղեկավարների հետ, որոնց նպատակը
Սերժ Սարգսյանի ելույթից հետո
Հայաստանում ստեղծված քաղաքական
իրավիճակի քննարկումն է: Բարգավաճ Հայաստան կուսակցության կենտրոնական
գրասենյակում այսօր տեղի է ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և Հանրապետության
առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը: Կողմերը քննարկել են երկրի ներքաղաքական իրավիճակը, կապված նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթի հետ:
Հանդիպմանը մասնակցել են
նաև ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը և ՀԱԿ պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը:
Ներկայումս
ընթանում է նաև ԲՀԿ
նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը Ժառանգություն կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի և կուսակցության ներկայացուցիչների հետ: Այս ձևաչափի քննարկումները շարունակվելու են ևս մեկ-երկու օր, որից հետո Եռյակը հասարկությանն է ներկայացնելու հետագա անելիքները:
Նշենք, որ
փետրվարի 12-ին կայացած ՀՀԿ խորհրդի նիստում` Սերժ Սարգսյանը սուր քննադատության
էր ենթարկել Ծառուկյանի «կեղծքաղաքական» գործունեությունը և հայտարարել, որ մտադիր
է նրան զրկել ԱԱԽ անդամի կարգավիճակից, քանի որ «երկրի անվտանգության բարձրագույն
մարմինը կինոթատրոն չէ, որ ով երբ ցանկանա գա, երբ չցանկանա՝ չգա»:
Իր պատասխան ելույթում, ԲՀԿ
Քաղխորհրդի նիստից հետո, Ծառուկյանը համազգային մոբիլիզացիայի կոչ է արել, ունենալով մեկ նպատակ`
քաղաքական բոլոր օրինական մեթոդներով
(անդադար հանրահավաքներ, երթեր, ցույցեր, անհնազանդություն և այլն) հասնել Սերժ
Սարգսյանի պաշտոնանկությանը` ազատվելու համար չարիքի այս իշխանությունից։ Նրա խոսքով, «այս իշխանությունը անհապաղ պետք է հեռացվի, և մենք պետք է փակենք
մեր պատմության անփառունակ և ամոթալի այս էջը։ Հայաստանը պետք է մաքրել գաղջ
մթնոլորտից : Մեր խոսքը գործ է։ Իմ կյանքի ամենամեծ գործն այժմ ես համարում եմ
չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելը։ Բոլորիս հաղթանակ եմ մաղթում՚», - ասել է նա: