


ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ քաղխորհրդում ելույթի ժամանակ ՙբացահայտել է՚ նախագահ Սերժ Սարգսյանի զայրույթի և ՀՀԿ Խորհրդի նիստի ժամանակ ելույթում իր հասցեին քննադատության իրական պատճառները:
ՙՈւզում եմ բացել բոլոր փակագծերը և լինել անկեղծ։ Ինձ առաջարկվել են համագործակցության բազմաթիվ տարբերակներ, անձնական շահեկան առաջարկներ, այդ թվում՝ նախագահի պաշտոնը սահմանադրությունը փոխելուց հետո` մեկ պայմանով, որ ես համաձայնեմ իր իշխանության վերարտադրությանը։ Այսինքն՝ աջակցեմ փաստացի երրորդ ժամկետով և ցմահ կառավարելու իր ցանկության իրականացմանը՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով։ Ես կտրականապես մերժեցի այս հակապետական մոտեցումը, քանզի Հայաստանի հետընթացն ապահոված մարդը չի կարող նման հավակնություններ ունենալ: Ահա իմ այս դիրքորոշումն էլ հանդիսացավ հիմնական պատճառը, որ նա խախտի քաղաքական և մարդկային հարաբերությունների կանոնները: Սա՛ է իրականությունը և ոչինչ ավելին՚,- ասել է Ծառուկյանը:
Անդրադառնալով Անվտանգության խորհրդից իրեն հեռացնելու մասին`Ծառուկյանը հայտարարել է.ՙ Ուզում եմ տեղեկացնել, որ ես փաստացի արդեն վեց ամիս է այդ կառույցում չեմ աշխատել, իսկ այդ կառույցից պաշտոնապես դուրս չեմ եկել միայն իր անձնական մարդկային խնդրանքով: Այսքանից հետո երեկ նման ձևով հարցը ներկայացնելը` դուք ինքներդ գնահատեք՝ թե ինչ է նշանակում: Պատգամավորական մանդատից ինձ զրկելու մասին: Ինձ համար կարևորը ՀՀ քաղաքացիների վստահությունն է, որն առկա է: Այնպես որ՝ ես ունեմ ամենակարևոր մանդատը՚: ՙԵս ընդունում եմ մարտահրավերն ու գնալու եմ մինչև հաղթանակ՚,- ավելացրել է նա:



