Արմինֆո.Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է Սիսիան, որտեղ մի շարք հանդիպումներ և քննարկումներ է ունեցել։
ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդման համաձայն, Սիսիանի համայնքապետարանում նախագահ Խաչատուրյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի, համայնքապետի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանի, ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանի, Սիսիանի ուժային կառույցների ղեկավարների, քաղաքային իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանրապետության նախագահը շրջայց է կատարել Սիսիանում, զրուցել քաղաքացիների հետ։ Նա, մասնավորապես, նշել է, որ այսօր թիվ մեկ խնդիրն Ադրբեջանի զինված ուժերի վերադարձն է ելման դիրքեր: Նա նկատել է, որ ստեղծված իրավիճակի առչությամբ տարբեր խոսակցություններ են գնում, որոնց պետք չէ հավատալ։ "Քաղաքական նպատակներով օգտագործվում են տարատեսակ մանիպուլյատիվ հայտարարություններ, որոնք իրականության հետ ոչ մի ընդհանուր բան չունեն։ Արցախի կարգավիճակի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշման մեջ ոչ մի շեղում չկա, ինչպես նաեւ չկա միջանցքի հարց ։ Եթե ուզում են տարանցիկ ճանապարհ, թող միջազգային կանոններին համապատասխան անցնեն երկրի տարածքով", - նշել է ՀՀ նախագահը։
Նախագահն այցելել է նաև Սիսիանի զինվորական հոսպիտալ, տեսակցել զինծառայողներին և շուտափույթ ապաքինում մաղթել: Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան գյուղ և հանդիպել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված Հայրապետյան Գևորգի ընտանիքի անդամներին։