
Արմինֆո.Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժել են ջրամբարներ. Կեչուտի ջրամբարը երկու արկ է ընկել: Այդ մասին կառավարության նիստի ժամանակ հաղորդել է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փաբուխչյանը:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, նախարարը տեղեկացրել է, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածնքների նախարարության հետ համատեղ, ինչպես նաև ԱԻՆ մարզային փրկարար ծառայության մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ստացված զանգերով կազմվել է բավականին մեծ ցանկ ՝ հասցեներով, անուն-ազգանուններով: «Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժել են, մասնավորապես՝ Վայոց ձորում, հյուրատներ, առողջարան, ջրամբարներ՝ Կեչուտի ջրամբարն է երկու արկ ընկել, ճոպանուղին, Փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատի շենքը և մի շարք մարդկանց անձնական օգտագործման մեքենաներ և այլ գույք: Ինչպես նաև մենք ունենք էլեկտրամատակարարման գծերի խափանման հետ կապված խնդիր, մասնավորապես, Սյունիքի մարզում՝ Սիսիան համայնքի Վաղատին, Որոտանավան, Շամբ, Դարպաս, Գետաթաղ, Լոր, Լեռնաշեն Դաստակերտ բնակավայրերը սպասարկող էլեկտրամատակարարման գիծը։ Ունենք նաև շտապ օգնության մեքենաներ, որոնք ռմբակոծության հետևանքով վնասվել են կրկին Սյունիքի մարզում։ Գեղարքունիքի մարզում հիմնականում վնասվել են մարդկանց տները և հեկտարներով ցորենի արտեր, գարու արտեր, և Սոթքում 55-60 տուն է վնասվել, անասնագոմեր, գազամատակարարման բազմաթիվ խողովակներ են վնասվել ու մի շարք մասնավոր մեքենաներ», - նշել է ԱԻ նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարել արձանագրել, որ բոլոր հասցված վնասները մանրամասն գույքագրվեն՝ երկու նպատակով: «Առաջինը՝ կառավարությունը պետք է համապատասխան միջոցներ տրամադրի լիարժեք վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար, և՛ մասնավոր անձանց, և՛ համայնքներին, և՛ ընկերություններին աջակցելու, որպեսզի նրանք այդ կրած վնասները վերականգնեն: Հաջորդը, շատ կարևոր է փաստագրել այս և այլ հանգամանքներն իրավական առումով», - նշել է վարչապետը: