Արմինֆո.Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ներկաները, նախ, մեկ րոպե լռությամբ հարգել են Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակը:
«Հարգելի գործընկերներ, սեպտեմբերի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերն ագրեսիա են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բազմաթիվ ներկայացուցիչներ, զինվորներ Հայրենիքի պաշտպանության համար անձնուրացաբար զոհել են իրենց կյանքը: Առաջարկում եմ՝ մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր զոհերի հիշատակը»,- ասել է վարչապետը:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, նիստում մանրամասներ են ներկայացվել ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօրվա դրությամբ՝ մեր հաստատված զոհերի թիվը 135 է: «Բայց, ցավոք, մենք գիտենք, որ այս թիվը դեռևս վերջնական չէ, ունենք նաև բազմաթիվ վիրավորներ», - ասել է Փաշինյանը
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն, իր հերթին, հաղորդել է, որ օպերատիվ իրավիճակն այս պահին գնահատվում է հարաբերական հանգիստ: «Երեկ գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմը պահպանվել է: Կարող եմ նշել, որ Զինված ուժերը շարունակում են կատարել իրենց առջև դրված խնդիրը», - նշել է նախարարը:
«Հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը հստակ է և աներկբա՝ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժած ստորաբաժանումները պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից: Ընդհանուր առմամբ ուզում եմ ընդգծել, որ խոսքը ոչ միայն վերջին օրերի իրադարձությունների մասին է, այլև՝ նախորդ տարվա մայիսի 12-ին Խոզնավար հատվածում տեղի ունեցած ներխուժման: Հայաստանի Հանրապետությունն այս դիրքորոշումն է արձանագրել երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկումների ժամանակ: Ըստ էության՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դիմումի հիման վրա են քննարկումներ տեղի ունեցել: Երեկ երեկոյան ես ևս մեկ հեռախոսազրույց եմ ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահող երկրի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իրավիճակը պետք է շարունակի մնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում», - հայտարարել է վարչապետը: