Արմինֆո. Սեպտեմբերի 15-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ։ Այդ մասին նախարարը հաղորդել է «Ֆեյսբուքի» իր էջում:
«Քոլին Քահլին եմ ներկայացրել ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը՝ դրա հանգուցալուծման հարցում ընդգծելով միջազգային հանրության հասցեական գնահատականների անհրաժեշտությունը: Շնորհակալություն եմ հայտնել Քոլին Քահլին՝ իրավիճակին արագ արձագանքելու համար:
Քոլին Քահլը, իր հերթին, կարևորել է հրադադարի պահպանումը, շեշտել բանակցային սեղանին վերադառնալու և առկա բոլոր տարաձայնությունները բացառապես դիվանագիտական գործիքակազմով լուծելու անհրաժեշտությունը: Քոլին Քահլը հայտնել է ԱՄՆ դիրքորոշումն առ այն, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը սակարկման առարկա չպետք է լինեն», - գրել է Հայաստանի պաշտպանության նախարարը: