


Արմինֆո. Հարավային Կովկասի տարածաշրջանի աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն ապակայունացնող և անընդունելի գործողություն է։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին՝ սեպտեմբերի 15-ին Սամարղանդում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես հաղորդում է ԻԻՀ նախագահի մամուլի ծառայությունը, խոսելով ՆԱՏՕ-ի էքսպանսիոնիստական քաղաքականության մասին, Ռաիսին անդրադարձել է Կովկասում տեղի ունեցած վերջին իրադարձություններին: "Տարածաշրջանի աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն ապակայունացնող և անընդունելի գործողություն է", - նշել է նա:
Սեպտեմբերի 13-ին ՝ ժամը 00:05-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի, Իշխանասարի ուղղությամբ սկսել են ինտենսիվ հրետակոծել հայկական դիրքերը ՝ անօդաչու թռչող սարքի կիրառմամբ: Հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին։ Սեպտեմբերի 14-ին խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղորդել է Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով հայկական կողմի 105 զոհի մասին: Սեպտեմբերի 14-ի երեկոյան հայտարարվել է կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին։


