Արմինֆո. Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Ինչպես հաղորդել է ինքը՝ նախարարը, հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակութան ղեկավար, դեսպան Անդրեա Վիտորինը:
«Շնորհակալություն հայտնելով իրավիճակին արագ արձագանքելու և տարածաշրջան այցելելու համար՝ ներկայացրել եմ սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:
Ընդգծել եմ, որ լայնածավալ ագրեսիան նախապես ծրագրված ադրբեջանական սադրանք է: Իրավիճակի հանգուցալուծման առումով շեշտել եմ տեղի ունեցած ագրեսիային միջազգային հանրության, այդ թվում` ԵՄ հասցեական գնահատականների անհրաժեշտությունը:
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչն իր խոսքում ներկայացրել է ԵՄ դիրքորոշումը ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ` շեշտելով առկա բոլոր տարաձայնությունները բացառապես դիվանագիտական գործիքակազմով լուծելու անհրաժեշտությունը: Տոյվո Կլաարը վերահաստատել է նաև ԵՄ հանձնառությունը` նպաստելու կողմերի միջև բանակցային գործընթացի վերականգնմանը և համաձայնությունների ձեռքբերմանը», - գրել է նախարարը «Ֆեյսբուքի» իր էջում: