


Արմինֆո. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սոթք համայնքում լրագրողների վրա կատարված հարձակումը:
"Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Գեղարուքունիքի մարզի Սոթք համայնքում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող օտարերկրյա եւ տեղական լրագրողների դիտավորյալ հրետակոծումը բացարձակապես անընդունելի է",- այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: "Մենք միջազգային հանրության, մարդու իրավունքների եւ խոսքի ազատության պաշտպանության մասնագիտացված կառույցների ուշադրությունն ենք հրավիրում տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման այս փորձին, որն ուղղված է փաստաթղթավորմանը խոչընդոտելուն եւ միջազգային հանրությանը ադրբեջանական ագրեսիայի հետեւանքները ներկայացնելուն", - հավելել է Հունանյանը:
Սեպտեմբերի 14-ին Ադրբեջանը կրակ է բացել Սոթք բնակավայրի ուղղությամբ, որտեղ այդ պահին իրենց մասնագիտական գործունեությունն էին իրականացնում հայկական և արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Լրագրողների ուղղությամբ երկու արկ է ընկել։ Զոհեր չկան։



