


Արմինֆո. ՀԱՊԿ-ում ձեռնամուխ են եղել 2022թ. սեպտեմբերի 13-ին Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը' Հայաստանի և Ադրբեջանի սահմանի առանձին շրջաններում ստեղծված իրավիճակը գնահատելու և կազմակերպության անդամ պետությունների ղեկավարներին հանգամանալից զեկույց պատրաստելու նպատակով ՀԱՊԿ-ի առաքելությունը Հայաստանի Հանրապետություն ուղարկելու վերաբերյալ: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել Է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
Ընդ որում, նա ընդգծել է, որ առաքելության առաջատար խումբը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, Հայաստան կմեկնի սեպտեմբերի 15-ին:
"Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաքելության ղեկավար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նախատեսում է հաջորդ շաբաթ մեկնել Հայաստանի Հանրապետություն։ Առաքելության կազմում կընդգրկվեն ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչներ, որոնք կազմակերպության քարտուղարության աշխատակիցներ են և ՀԱՊԿ միացյալ շտաբի զինծառայողներ", - ամփոփել է ՀԱՊԿ մամուլի քարտուղարը:
Նշենք, որ այսօր ՀՀ ԱԳ նախարարը խորհրդարանի ամբիոնից տեղեկացրել էր, որ ՀԱՊԿ առաքելությունը Հայաստան կժամանի արդեն վաղը։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով,
ՀԱՊԿ-ին Հայաստանի դիմումը քննարկվել է պատշաճ կարգով:
Ինչ վերաբերում է ինքնիշխան Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիային միջազգային արձագանքին, ապա, ինչպես կարծում է Միրզոյանը, նույնիսկ, եթե այն չի եղել այնպիսին, ինչպիսին կցանկանար Երեւանը, մեծ մասամբ եղել է հասցեական։



