


Գյումրիում բողոքի ակցիաներին մասնակցած ակտիվիստ Մնացական Ալեքսանյանին մեղադրանք է
առաջադրվել:
Ինչպես հաղորդել է Ալեքսանյանի փաստաբան Հայկ
Հարությունյանը, ակտիվիստը հրավիրվել է Շիրակի մարզի քննչական բաժին, որտեղ մասնակցել է հարցաքննության: Փաստաբանի ասելով, հարցաքննությունից անմիջապես հետո նրա
նկատմամբ մեղադրանք է առաջադրվել:
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին Մնացական Ալեքսանյանը ձերբակալվել էր հունվարի 15-ին Գյումրիում բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանների հետ բախումներին մասնակցելու առնչությամբ: Նա մեղադրվում է խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության համար, ինչը սպառնում էր վերջինի կյանքին ու առողջությանը: Փետրվարի 6-ին Գյումրիի քաղաքապետ Սամվել
Բալասանյանը և ավագանու խորհուրդը դիմել էին Շիրակի դատախազ Րաֆֆի Ասլանյանին`
ձերբակալված Ալեքսանյանին ազատ արձակելու և հունվարի 15-ին Գյումրիի
իրադարձությունների բոլոր մասնակիցների նկատմամբ ներողամտություն դրսևորելու
խնդրանքով: Բողոքի ակցիաներն առնչվում էին Ավետիսյանների ընտանիքի դաժան
սպանությանը, որի համար մեղադրվում է ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովը:
Գյումրիի բնակիչները պահանջում էին Պերմյակովին հանձնել Հայաստանի իրավապահ
մարմիններին:



