


Արմինֆո. Ղազախստանից խաղաղապահներ ուղարկելու հարց չի քննարկվում։ Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդին այդպես է պատասխանել հարցին, թե արդյոք Ղազախստանը մտադիր է խաղաղապահներ ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի սրման առնչությամբ։
Նա պարզաբանել է, որ երկու պետություններից տարբեր տեղեկություններ են ստացվում։ "Այդ պատճառով ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները որոշում են կայացրել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնի, տեղում լիարժեք տեսլական ստանա, եւ հետո իրազեկի պետությունների ղեկավարներին", - պարզաբանել է ԱԳ նախարարը:
Նախօրեին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն ընդգծել է հակամարտությունը բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը: Նա կոչ է արել ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ իրադրությունը կայունացնելու համար, հրաժարվել ուժային միջոցների օգտագործումից, անհապաղ ձեռնամուխ լինել բանակցությունների:



