Արմինֆո. Երբ Ռուսաստանը հարձակվեց ուկրաինացի ժողովրդի վրա, մենք առանց վարանելու եւ շատ հստակ դատապարտեցինք դա, եւ մենք պետք է նույնը անենք Հայաստանի դեմ ագրեսիայի նկատմամբ, որը կազմակերպել է պարոն Ալիեւի ռեժիմը՝ անցած գիշեր",- այսօր Եվրախորհրդարանի նիստում հայտարարել է ֆրանսիացի քաղաքական գործիչ, եվրապատգամավոր Ֆրանսուա Քսավյե Բելամին:
"Այսօր գիշեր, կեսգիշերից հետո Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել Հայաստանի վրա։ Տեղի են ունեցել հզոր պայթյուններ, հարվածներ են հասցվել Հայաստանի տարածքում գտնվող մի քանի քաղաքների ու գյուղերի, այսինքն՝ ոչ միայն ռազմական նշանակության վայրերին, այլ նաև քաղաքացիական բնակավայրերին ու օբյեկտներին", - նշել է քաղաքական գործիչը:
Նրա խոսքով ՝ ոչինչ, ոչինչ չի կարող արդարացնել այդ ագրեսիան։ "Երկու տարի առաջ, խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա։ Այս անգամ Ադրբեջանն արդեն հարձակվում է Հայաստանի տարածքի վրա ։
Դիմելով Եվրախորհրդարանի խոսնակին՝ Ֆրանսուա Քսավյե Բելամին կոչ է արել այս արտակարգ իրավիճակում լսել խորհրդարանի ձայնը: "Մեր վճռական դիրքորոշումը կարող է կանխել այդ պատերազմը, և Ադրբեջանը կարող է կանգ առնել իր մտածած ծրագրի իրականացման գործում։ Եկեք, ի վերջո, դադարեցնենք գործ ունենալ այդ հանցավոր պետության հետ՝ որպես օրինական գործընկերոջ, և դադարենք ֆինանսավորել նրա սպառնալիքները՝ նրանից գազ գնելով։ Եկեք շտապ քայլեր ձեռնարկենք արդյունավետ պատժամիջոցներ նախապատրաստելու համար։ Պետք է անհապաղ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել։ Մենք պետք է անենք դա, որպեսզի պաշտպանենք մեր մայրցամաքը վտանգից։ Բայց, առաջին հերթին, մենք պարտավոր ենք կանգնել հայ ժողովրդի կողքին, որի հետ մենք հավասարապես կիսում ենք վիշտը և ցավը"։