Արմինֆո. Ես խստորեն դատապարտում եմ անցած գիշեր Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում բազմաթիվ թիրախների վրա։ Այդ մասին ասվում է Հարավային Կովկասի հետ կապերի գծով պատվիրակության ղեկավար, Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդի հայտարարության մեջ։
Նա արձանագրել է, որ հաղորդվում է ինտենսիվ հրետակոծությունների եւ անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին, որոնք ուղղված են Հայաստանի Սյունիք, Վայոց Ձոր Եւ Գեղարքունիք մարզերի դեմ: Ընդ որում, նա հավելել է, որ զոհերի թիվը դեռ հայտնի չէ։ "Այս նոր ագրեսիան հետևեց Բաքվի կողմից ընթացիկ տարվա մարտ և օգոստոս ամիսներին հրադադարի ռեժիմի լուրջ խախտումներին Լեռնային Ղարաբաղի շփման գծում, որն օգտվել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիայի հետևանքով սսստեղծված գլոբալ և տարածաշրջանային իրավիճակից։ Ես միջազգային հանրությանը և, մասնավորապես, Եվրոպական միությանը կոչ եմ անում ոչ երկիմաստ պատասխան տալ ուժի այս անընդունելի կիրառմանը։ Հիմա "երկու կողմից" զսպվածության կոչ անող անատամ հայտարարությունների ժամանակը չէ։ Հիշեցնեմ, որ ընդամենը երկու շաբաթ առաջ Ադրբեջանն ու Հայաստանը Բրյուսելում պայմանավորվել էին մեկ ամսվա ընթացքում սկսել աշխատանքը խաղաղության պայմանագրի նախագծի վրա։ Ես կոչ եմ անում Բաքվին բաց չթողնել այդ պատմական հնարավորությունը եւ առանց հապաղելու վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ", - ընդգծել է եվրապատգամավորը։