


Արմինֆո. ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու վերաբերյալ հայկական կողմի դիմումի կապակցությամբ կազմակերպության քարտուղարությունը ՀԱՊԿ միացյալ շտաբի հետ համատեղ կազմակերպել է ՀԱՊԿ մեխանիզմների գործարկման աշխատանքներ՝ իրավիճակի կարգավորման համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել Է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
Հայ-ադրբեջանական սահմանին կտրուկ սրման առնչությամբ ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանության մեջ արձանագրվում է, որ 2022թ. սեպտեմբերի 13-ի գիշերը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մարտական բախումներ են տեղի ունեցել ծանր սպառազինության և ԱԹՍ-ների կիրառմամբ, ինչի հեետեւանքով կան զոհեր ու վիրավորներ: "Անընդունելի ենք համարում ուժի կիրառումը։ Հակասությունների կարգավորման համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներ եւ պայմանավորվածությունները, որոնք ամրագրված են Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի հայտարարություններում: Բարձր ենք գնահատում ս. թ. սեպտեմբերի 13-ին ՝ ժամը 9: 00-ից շփման գծում սկսված հրադադարի պահպանման գործում Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը:
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու վերաբերյալ հայկական կողմի դիմումի կապակցությամբ կազմակերպության քարտուղարությունը ՀԱՊԿ միացյալ շտաբի հետ համատեղ աշխատանքներ է իրականացնում՝ իրավիճակի կարգավորման համար ՀԱՊԿ մեխանիզմների կիրառման ուղղությամբ", - նշվում է հայտարարության մեջ: Կազմակերպությունում նաեւ խորը ցավակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներին եւ շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:



