Մոսկվան չպետք է գերագնահատի Բրյուսելի և Վաշինգտոնի միջև տարաձայնությունները և, առավել ևս, ձգտի սեպ խրել նրանց միջև, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌՊՀՀ դոցենտ, վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
ՙՈւկրաինական, ինչպես նաև վրացական ճգնաժամի պատմությունները ցույց տվեցին ԵՄ և ԱՄՆ հակասությունների մարտավարական բնույթը: Այո, դրանք առնչվում են պատժամիջոցների մասշտաբներին, կասկածի տակ դնում Մոսկվայի նկատմամբ ճնշման գործիքների համարժեքությունը, բայց ոչ մի կերպ չեն վերաբերում ԽՍՀՄ նախկին երկրների տարածքային ամբողջականությանը և գլխավորը` Նահանգների ներկայությանը եվրոպական անվտանգության համակարգում՚,- նշել է նա:
Որպես հետևանք, Մարկեդոնովի կարծիքով, հստակ ուրվագծվում է առանց ԱՄՆ-ի ուկրաինական խնդրի հանգուցալուծման անհնարինությունը, որում վերջինիս շահերը չեն համընկնում Ռուսաստանի հետ: Այս առնչությամբ, նրա կարծիքով, Մոսկվայի կողմից խնդիրների սեփական տեսլականը պաշտպանելու անհրաժեշտություն է առաջանում`ՙեվրոպական խռովության՚ և ՙԱՄՆ-ին եվրոպական խաղից բացառելու՚ երևութական գաղափարներից հրաժարվելու լույսի ներքո:
Նշելով ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման դիվանագիտական ուղիների որոնման ակտիվացումը` Մարկեդոնովը հիշեցրել է, որ խնդիրները մեկ ամսում չեն կուտակվել, Ղրիմի և Դոնբասի իրադարձություններն ունեցել են նախադրյալներ, որոնք ձևավորվել են տարիների ընթացքում: Եվ եթե եվրոպական անվտանգության ճարտարապետության առնչությամբ Մոսկվայի և Բրյուսելի ապարդյուն բանավեճերը Վաշինգտոնի հետ հաջողությամբ ավարտվեին, այսօր հարկ չէր լինի պայքարել Ուկրաինայի ՙբալկանացման՚ հետ:
Ըստ նրա, այս պայմաններում Ֆրանսուա Օլանդի և Անգելա Մերկելի բանակցություններից հրաշքներ սպասել պետք չէ, քանի որ իրավիճակի փոփոխման որևէ երաշխիք այսօր գոյություն չունի, սակայն այլ խաղաղապահներ այժմ չկան: Այս առնչությամբ վերլուծաբանն ընդգծել է տարբեր հակասող շահերի ներդաշնակեցման ուղղությամբ արդյունավետ դիվանագիտական աշխատանքի կարևորությունը:
ՙՈւկրաինայի շուրջ հակամարտության յուրաքանչյուր կողմ տարբեր պատճառներով ռեսուրսների պակաս ունի ոչ ակնհայտ շահաբաժիններով և ակնհայտ ծախսերով հղի պայքարում անվերապահ հաղթանակի համար: Իսկ դա իրապես գործող փոխզիջումների հասնելու հնարավորություն է ստեղծում, ինչի համար անհրաժեշտ է հրաժարվել արտաքուստ գրավիչ, բայց բացարձակապես անիրատեսական մոտեցումներից՚,- ամփոփել է Մարկեդոնովը: