


Բակո Սահակյանը խաբել է Հիմնադիր խորհրդարանի
ներկայացուցիչներին, նրանց խոստանալով Արցախի հեռուստատեսության ուղիղ եթերից
ելույթի հնարավորություն, այնուհետև` դրժելով իր խոստումը: Այդ մասին հայտարարել է
Հիմնադիր խորհրդարանի առաջնորդներից մեկը` Արցախյան պատերազմի հերոս Ժիրայր
Սեֆիլյանը:
Նա հաղորդել է, որ դեռ նախորդ տարվա դեկտեմբերին Արցախ
այցի ընթացքում ինքը հանդիպել էր ԼՂՀ ոստիկանության պետի, ինչպես նաև Արցախի
խորհրդարանի պատգամավոր Վահան Բադասյանի հետ: Հանդիպման ընթացքում ոստիկանապետը
Սեֆիլյանին ներկայացրել էր Արցախում որևէ ակցիա չանցկացնելու Արցախի նախագահ Բակո
Սահակյանի խնդրանքը, նաև հաղորդելով, որ Սահակյանը կընձեռի Արցախի հեռուստատեսության
եթերից ելույթի հնարավորություն: «Երկու օր անց, երբ մենք արդեն Սահակյանի մոտ
էինք, նա հայտարարեց, թե եթերի մասին խոստում չի տվել: Այստեղ մենք
հասկացանք, թե ինչպիսի մարդկանց հետ գործ
ունենք», - ասել է Ժիրայր Սեֆիլյանը: Նրա ասելով, Արցախի ղեկավարության հետ
հանդիպումների արդյունքում ստեղծվել է այնպիսի տպավորություն, որ Լեռնային
Ղարաբաղը ղեկավարում է գողական հանցախմբի նման մի բան, որն Արցախը դիտարկում է
որպես «իր զոնա», և ուրիշ ոչ ոք իրավունք չունի այստեղ թելադրել խաղի իր
կանոնները: «Այդ հանցախումբը հաշվետու է միայն խանին` Սերժ Սարգսյանին: Հենց
վերջինս էլ իր ենթականերին հրահանգել էր կազմակերպել Բերձորի ջարդը», - ասել է
Սեֆիլյանը:
Հիշեցնենք,
որ Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչները, այդ թվում` նաև Սեֆիլյանը, հունվարի
31-ին ԼՂՀ ոստիկանության կողմից դաժան ծեծի էին ենթարկվել Բերձորի մոտ: Ղարաբաղի
ոստիկաններն այդպիսով փորձեցին խոչընդոտել «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման
շրջանակում ավտոերթի անցկացմանն Արցախում:


