Արմինֆո.Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Հայաստանի ուղղությամբ՝ հերթական անգամ խախտելով Ֆրանսիայի բարեկամ երկրի տարածքային ամբողջականությունը։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Սաբրինա Ագրեշթի-Ռուբաշը։
"Իմ բոլոր մտքերը Հայաստանի և հայերի հետ են։ Այսօր ես կզանգահարեմ Կատրին Կոլոնային (Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար - խմբ.), որպեսզի Ֆրանսիան կանգնի Հայաստանի կողքին", - նշել է պատգամավորը։
Այսօր ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, օգտագործելով հրետանի, ականանետեր և անօդաչու թռչող սարքեր, ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու միանգամից մի քանի հատվածներում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ըստ աղբյուրի, մասնավորապես, գնդակոծվել են Սոտքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտները նույնպես ենթարկվում են գնդակոծության։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներն ամբողջ ծավալով կատարում են իրենց առջեւ դրված մարտական խնդիրները: