


Արմինֆո. Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, նախարար Միրզոյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից մեկնարկած լայնածավալ ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանագոտում ստեղծված իրավիճակը։ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկված քայլերի՝ այդ թվում Ռուսաստանի Դաշնությանը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, ՄԱԿ անվտանգության խորհրդին դիմելու մասին՝ ադրբեջանական ագրեսիան կասեցնելու և դրա հետևանքները վերացնելու նպատակով։
Այսօր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել նաեւ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: Արարատ Միրզոյանը Քերըն Դոնֆրիդին է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի ագրեսիվ ու սադրիչ գործողություններին միջազգային հանրության կողմից հասցեական ու համարժեք արձագանքի անհրաժեշտությունը: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ հայկական կողմը ձեռնարկելու է հնարավոր բոլոր ջանքերը՝ ուղղված ադրբեջանական ագրեսիայի ետ մղմանը։



