Արմինֆո.Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հարձակումների, այդ թվում ՝ Հայաստանի ներսում բնակավայրերի եւ քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածների մասին հաղորդագրությունների առնչությամբ: Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի պաշտոնական հայտարարությունում, որը զետեղված Է Պետդեպարտամենտի կայքում։
"Մենք արդեն վաղուց և հստակ ցույց ենք տվել, որ հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բոլոր տեսակի ռազմական գործողությունները", - ասվում է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության մեջ:
Այսօր ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ սեպտեմբերի 13 - ին ՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, օգտագործելով հրետանի, ականանետեր և անօդաչու թռչող սարքեր, ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու միանգամից մի քանի հատվածներում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ըստ աղբյուրի, մասնավորապես գնդակոծվել են Սոտքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտները նույնպես ենթարկվում են գնդակոծության։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներն ամբողջ ծավալով կատարում են իրենց առջեւ դրված մարտական խնդիրները: