Արմինֆո. Սեպտեմբերի 13-ի ժամը 08։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։
Ինչպես հաղորդում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը, հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։
«Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը ներկայացվել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունների ռազմական կցորդներին և նշվել, որ տեղի ունեցածի և դրա հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։
Պաշտպանության նախարարությունը կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով», - ասվում է հաղորդագրությունում։