Արմինֆո.Ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ քաղաքացիական բնակչության կանխամտածված թիրախավորման վերաբերյալ հավաստի փաստերը ծայրահեղ մտահոգիչ են ու պետք է պատշաճ քննության ու գնահատման առարկա դառնան։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։
«Այդ երկրում համակարգային հայատյացության վտանգավոր չափերի մասին վերջերս բարձրաձայնել էր ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն, և այս դեպքերը ցավալիորեն գալիս են ապացուցելու թե կոմիտեի արձանագրումները, և թե Արցախի հայաթափման վերաբերյալ ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից արվող անթաքույց հրապարակային հայտարարությունները», - գրել է Քրիստինե Գրիգորյանը «Ֆեյսբուքի» իր էջում։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, սեպտեմբերի 12-ին՝ առավոտյան 04:00-04:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է բացել տարբեր տեսակի և տրամաչափի հրաձգային զենքերի կիրառմամբ։ «Կրակահերթերը տևել են շուրջ 30 րոպե։ Այս պահին ճշտված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով տուժել է երկու բնակելի տուն Կարմիր շուկա համայնքում։ Տներից մեկի դեպքում գնդակը խոցել է երկրորդ հարկի պատշգամբի դուռը և թափանցել տան սենյակ։ Տան բոլոր 4 անդամները՝ այդ թվում մեկ անչափահաս, գտնվում էին տանը և արթնացել են կրակահերթերից։
Մյուս դեպքում արձակված գնդակը խոցել է բնակելի տան բակում գտնվող շվաքարանը», - նշել է Ստեփանյանը, հավելելով, որ Արցախի ՄԻՊ աշխատակազմի կողմից կրակահերթերի վերաբերյալ քաղաքացիական բնակչության շրջանում վնասների վերաբերյալ փաստերի հավաքագրման աշխատանքները շարունակվում են։