
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի
խմբի պատանդն է, որը գործում է ՄԱԿ-ի մանդատով, սակայն չի կատարում ՄԱԿ ԱԽ
բանաձևերը: Ըստ «Թուրանի»` այդպիսի կարծիք
է հայտնել քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն` Բաքվում Հումանիտար հետազոտությունների
միության կազմակերպած «ԵԱՀԿ Մինսկի խումբը. անհուսալիություն կամ մանդատի
սահմանափակում» կլոր սեղանի ժամանակ:
Փորձագետները կարևոր են համարում Մինսկի խմբի
համանախագահության ինստիտուտի ձևաչափի և կազմի փոփոխումը: Մասնավորապես,
ադրբեջանցի փորձագետներն անհրաժեշտ են համարել Գերմանիայի և Թուրքիայի
ներկայացուցչությունը ԵԱՀԿ ՄԽ-ում:
«ԵԱՀԿ ՄԽ գործունեւոթյունը նպատակաուղղված է միայն
պատերազմի վտանգի նվազեցմանը», - հայտարարել է մեկ այլ փորձագետ` Իլգար Վելիզադեն:
Նրա կարծիքով, Մինսկի խումբն ի զորու չէ փոխել գոյություն ունեցող ստատուս-քվոն:
Սակայն մի շարք փորձագետներ կարծում են, որ ՄԽ ձևաչափի
փոփխությունը ոչինչ չի տա: «Մինսկի խումբը կառավարում են երեք երկրներ` ԱՄՆ,
Ֆրանսիան և Ռուսաստանը: Եթե այդ երկրները կարգավորում չեն ուզում, ապա ձևաչափի
փոփոխությունն ու համանախագահների թվի ավելացումն անիմաստ են», - ասել է
խորհրդարանի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը: «Կազանում նախագահների
հանդիպումից հետո (2011 թվականի հունիս) չկան նաև նոր առաջարկություններ: Այժմ
ընթանում են ոչ թե բանակցություններ, այլ` խոսակցություններ», - նշել է
քաղաքագետը:
Իսկ
քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն կարծում է, որ Հայաստանը վայելում է համանախագահող
երկրների աջակցությունը: «Ռուսաստանը Հայաստանին տրամադրում է ռազմական
օգնություն, Ամերիկան` ֆինանսական, Ֆրանսիան` քաղաքական: Իսկ Ադրբեջանին
առաջարկում են գնալ Հայաստանի հետ փոխզիջման», - ասել է Ալիզադեն: «Միջազգային
իրավունքը` դա ՄԱԿ բանաձևրեն են: Երկրի ներսում` ընտրական իրավունքների, մարդու
ազատությունների ճանաչումը: Չի կարելի հաղթել, հանձնելով հայրենի հողերը, և
Բաքվում զբաղվել նավթի ու գազի առևտրով: Չի կարելի Ղարաբաղն ազատագրել ներկայիս
տեղեկատվական քաղաքականությամբ, ադրբեջանական հեռուստատեսության ներկայիս
ծրագրերով: Ադրբեջանը չի ցանկանում հակամարտության կարգավորում: Եթե դա այդպես
լիներ, ապա ՈԿԿ-ին չէին ճնշի», - ասել է Ալիզադեն: