Արմինֆո.ԱՄՆ-ը 2 մլն դոլար կհատկացնի Լեռնային Ղարաբաղի տարածքների ականազերծման գործողությունների համար, որտեղ մարտական գործողություններ են ընթացել 2020թ. աշնանը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում:
"Տարածաշրջանային խաղաղությանն ու համագործակցությանը նպաստելու նպատակով Միացյալ Նահանգներն ուրախ է հայտարարել 2020թ. աշնանը Հարավային Կովկասում հայկական եւ ադրբեջանական ուժերի միջեւ ինտենսիվ մարտական գործողություններից տուժած շրջաններում ականազերծման մարդասիրական գործողությունների համար 2 մլն դոլար հատկացնելու մասին", - ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
Ինչպես ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, ականները եւ չպայթած զինամթերքը հակամարտության գոտում շարունակում են սպանել եւ խեղել խաղաղ բնակիչներին, արգելափակել տնտեսական զարգացումը եւ խոչընդոտել տեղահանված անձանց անվտանգ վերադարձին:
Հիշեցնելով, որ 2021 թվականի նոյեմբերին այդ տարածքների ականազերծման համար ԱՄՆ-ն 500 հազար դոլար է հատկացրել, Պետդեպարտամենտում նշել են, որ նոր ֆինանսավորումը կշարունակի ամրապնդել ականազերծման կազմակերպությունների տեխնիկական ներուժը ՝ մահաբեր ցամաքային ականների եւ չպայթած զինամթերքի վնասազերծման համար:
"Այդ ջանքերը վճռորոշ դեր են խաղում մարդու անվտանգության ամրապնդման գործում եւ թույլ են տալիս տեղահանված անձանց վերադառնալ իրենց տներ եւ անվտանգ վերականգնել իրենց կյանքը", - ամփոփել են պետդեպարտամենտում: