
Արմինֆո.Ամերիկյան հեղինակավոր The National Interest ռեսուրսը ծավալուն հոդված է հրապարակել, որը վերաբերում է Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններին մասնակցելու համար սիրիացի վարձկանների հավաքագրման թուրքական բիզնեսին։
"Թուրքիայի սիրիացի վարձկանների արյունալի բիզնեսի ներսում" (Inside The Bloody Business of Turkey ' s Syrian Mercenaries) հոդվածում նշվում է այդ գործընթացում կոռուպցիայի բարձր մակարդակը: Հոդվածի հեղինակները նշում են, որ հավաքագրմանը, բազավորմանը եւ վերադարձին առնչվող կաշառակերության բարձր մակարդակն ընդլայնում է զինված ուժերի հնարավորությունները Սիրիայի հյուսիս-արեւմուտքում, ինչը վկայում է այն մասին, թե ինչպես արտասահմանյան միջամտությունը կարող է աջակցել ռազմական տնտեսությանը:
Հոդվածում ներկայացվում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում պատերազմի մեջ մերձավորարևելյան գրոհայինների ակտիվ ներգրավման նոր ապացույցներ։ Նյութի հեղինակները մանրամասն պատմում են այն մասին, թե ինչպես է թուրքական հետախուզությունը վարձկանների հավաքագրում մարտական գործողություններին մասնակցելու համար։ Նշվում է, որ Թուրքիայի ռազմական հետախուզությունը լուրջ մարտական փորձ ունեցող վարձկաններ է պահանջել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիային մասնակցելու համար: Որպես խթանիչ գործոն ՝ գրոհայիններին կադրեր էին ցույց տալիս, թե ինչպես է "հայ զինվորը պատռում հղի կնոջ որովայնը" կամ պատմում էին այն մասին, թե, իբր, "քրդերը որպես վարձկաններ մասնակցում են հայկական կողմի մարտական գործողություններին"։
Հոդվածում ապացույցներ են բերվում ոչ միայն այն բանի, որ շատ վարձկանների խաբել են, եւ նրանք չեն ստացել այն գումարները, որոնք նրանց խոստացել են, այլեւ նշվում է Սիրիայի հյուսիս-արեւմուտքում սիրիացի վարձկանների աղետալի վիճակի մասին, որը վերջիններիս ստիպում է նույնիսկ չնչին գումարի համար վարձկանության գնալ:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ժամանակ մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ, այդ թվում ՝ Washington Post-ը, The Wall Street Journal-ը գրել էր Թուրքիայի հետ կապված հարյուրավոր սիրիացի գրոհայինների ՝ Արցախ տեղափոխված լինելու և ղարաբաղյան հակամարտության գոտի "ևս հարյուր" աշխարհազորայինների ուղարկելու պատրաստակամության մասին ։ Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադն այն ժամանակ հայտարարել էր, որ սիրիացի գրոհայինները տեղափոխվում են Լեռնային Ղարաբաղ, և Թուրքիան ահաբեկիչներին օգտագործում է Սիրիայից և այլ երկրներից Լեռնային Ղարաբաղում։ Իր հերթին ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը նույնպես հաղորդել Է, որ ըստ տեղեկատվության, հակամարտության գոտի ակտիվորեն ներգրավվում են վարձկաններ Մերձավոր Արեւելքում պատերազմող միջազգային ահաբեկչական կազմակերպություններից, ընդ որում, խոսքը գնում է հարյուրավոր եւ արդեն, նույնիսկ, հազարավոր ծայրահեղականների մասին: Թուրքիայի տարածքով Բաքու 300 սիրիացի գրոհայինների տեղափոխման մասին պատմել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ 2020 թվականի հոկտեմբերի սկզբին: