Արմինֆո.Ռուսաստանի դեմ "Թուրան" նախագծի և դրա մաս կազմող թյուրքալեզու պետությունների հետագա գործարկման հեռանկարներն ու հաջողությունները կախված են նաև աշխարհաքաղաքականությունից, իսկ ավելի ճիշտ՝ Ուկրաինայից։
ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի ինստիտուտի տնօրեն, Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին։
"Այսօր այդ պետություններն ու "Թուրանն" արդեն մեր աշխարհաքաղաքական մրցակիցների եւ հակառակորդների կողմից ակտիվորեն օգտագործվում են Ռուսաստանի դեմ։ Ու նաեւ հենց այդ պատճառով Անկարան ակտիվորեն փորձում է առաջ մղել այդ նախագծի իրականացումը։ Բաքուն, իր հերթին, փորձում է իրավիճակից քաղել առավելագույնը, քանի որ նախագիծն իրականացվելու է տարանցմամբ, այդ թվում՝ նրա տարածքով", - նշել է նա։
Այս լույսի ներքո՝ Ադրբեջանը, ըստ թուրքագետի, փորձում է իրեն դիրքավորել որպես Եվրոպան Կենտրոնական Ասիայի հետ կապող երկիր: Այստեղից էլ՝ Բաքվի բոլոր վերջին քայլերը Ղազախստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի ուղղությամբ։ Այսպիսով, Բաքուն Անկարայի աջակցությամբ ամրապնդում է ինչպես սեփական դիրքերը, այնպես էլ՝ "Թուրան" նախագծի հիմքը։ Նշելով, որ եվրասիական տարածքում ապագա սցենարները մեծապես կախված են նաեւ Մոսկվայի քաղաքականությունից, Նադեին-Ռաեւսկին նշել է, որ առայժմ վերջինս փորձում է հակազդել դիտվող միտումներին՝ Անկարայի հետ բավական բարդ հարաբերությունների զարգացման միջոցով: Դրանով իսկ ՌԴ-ը փորձում է զսպել Թուրքիային, ինչը, հատկապես, վերջին շրջանում մեծ դժվարությամբ է հաջողվում։
Նրա կարծիքով, այստեղ նույնպես շատ բան կախված է ուկրաինական պատերազմի ընթացքից ու ելքից։ Հենց այդ պատերազմին զուգահեռ Անկարան և Բաքուն, ըստ Նադեին - Ռաևսկու, ընդգծված հրապարակավ ակտիվացրել են իրենց վաղեմի նախագծերը Կենտրոնական Ասիայի ուղղությամբ։
"Այս ողջ քաղաքականության եւս մեկ արդյունք են դարձել նաեւ Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական պատկերի ակնհայտ փոփոխությունները։ Ընդ որում, Ռուսաստանի դեմ ուղղված այս գործընթացը նույնպես հովանավորվում է Արևմուտքի կողմից։ Եվ Թուրքիան ու Ադրբեջանը նույնպես փորձում են օգտագործել այդ գործոնը՝ թյուրքական առանցքն ու Արևելքում սեփական ազդեցությունն ամրապնդելու համար", - ամփոփել է Նադեին-Ռաևսկին։