Արմինֆո.Խաղաղության պայմանագրի նախապատրաստման հանձնաժողովի ստեղծումը սպառնալիքի տակ է դնում Արցախի կարգավիճակը։ Մասնավորապես՝ Ադրբեջանին ցանկացած զիջումների գնալու Հայաստանի ղեկավարության պատրաստակամության ֆոնին։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Բրյուսելում 4-ժամյա հանդիպման արդյունքում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարները եւ Եվրախորհրդի ղեկավարը պայմանավորվածություն են ձեռք բերել մեկ ամսվա ընթացքում շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ՝ ԱԳՆ ղեկավարների մակարդակով: Նիկոլ Փաշինյանը, Շառլ Միշելը և Իլհամ Ալիևը քննարկել են գերիներին վերադարձնելու, անհայտ կորածների ճակատագրերի,, սահմանազատման և սահմանային անվտանգության, տարածաշրջանային ապաշրջափակման հարցեր, ինչպես նաև՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ու ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող հարցեր: Բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նոյեմբերին Բրյուսելում անցկացնել սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստ: Առաջնորդների մակարդակով հաջորդ հանդիպումը նույնպես կկայանա նոյեմբերին։
"Հայտնի է, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև արցախյան օրակարգը, ներառյալ՝ Արցախի կարգավիճակի հարցը։ Դրանից բխող բոլոր հետևանքներով և հեռանկարներով։ Կարծում եմ ՝ այստեղ տեղին է հիշեցնել Ալիևի կողմից պարբերաբար արտահայտվող այն դիրքորոշման մասին, որի համաձայն, Արցախի կարգավիճակի հարց գոյություն չունի, ինչպես գոյություն չունի նաև հենց Արցախը։ Որը նաև պարբերաբար հանդիպում է Երևանի լռությանը, ինչը խոսում է Բաքվի դիրքորոշումն ընդունելու պատրաստակամության մասին", - կարծում է նա։
Քաղտեխնոլոգի կարծիքով, իրավիճակն էլ ավելի է վատթարացնում Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանը բացառապես ուժի արտաքին կենտրոնների շահերի սպասարկման գործիքի վերածելը։ Ընդ որում, ոչ թե մեկ կենտրոնի, այլ, միաժամանակ, մի քանիսի: Նրա գնահատմամբ՝ փաշինյանական Հայաստանը կառավարվում է ոչ միայն Ռուսաստանից, այլեւ Թուրքիայից, Իրանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից եւ, նույնիսկ, Ադրբեջանից։
"Խոսքը վերաբերում է անվտանգության ապահովման բլոկի կառավարմանը, ֆինանսական հոսքերի կառավարմանը։ Ինչը հանգեցնում է սեփական ճակատագրի վրա ազդելու Հայաստանի հնարավորության պատմական նվազագույնի։ Բոլոր հիմնական որոշումները մենք չենք կայացնում, դրանք ընդունում են մեր փոխարեն։ Ինչը լուրջ տագնապ է ներշնչում մեր երկրի ապագայի համար։ Հատկապես՝ արդի աշխարհում և միջազգային հարաբերությունների համակարգում նման մի շարք օրինակների առկայության ֆոնին", - ամփոփել է քաղտեխնոլոգը։