ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կառավարող ռեժիմի
իրավահաջորդն է, հետևաբար, բոլոր ողջամիտ քաղաքական և հասարակական ուժերը պետք է
խոչընդոտեն նրա իշխանության գալուն: Փետրվարի 10-ին մամուլի ասուլիսում այդպիսի
կարծիք է հայտնել «Նախախորհրդարանի» նախկին անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:
«Ծառուկյանը չի թաքցնում, որ իրեն և իր կուսակցությունը
ընդդիմություն չի համարում: Մեկ ժամում նա կարող է կորցնել ռեստորանները,
խաղատները, հեռուստաալիքը, իր ողջ գույքը, սակայն քանի որ նա պատկանում է այն
համակարգին, որը կառավարում է երկիրը, և ունի դրա թույլտվությունը, ապա
համարձակորեն հանդես է գալիս նրա դեմ», - նշել է Խզմալյանը: Նրա ասելով, ԲՀԿ
առաջնորդն ընդամենը պահեստային խաղացող է, որը չի թաքցնում իր կապերը երկրորդ
նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, ում շահերն էլ, ռեժիսորի կարծիքով, պաշտպանում է:
Խզմալյանն ընդսմին կարծում է, որ ինչպես Քոչարյանը, այնպես էլ կառավարող ՀՀԿ-ն ներկայացնում են Ռուսաստանի
շահերը և մոռանում ազգային շահերի մասին: «Վերստին սկսվել է մի գործընթաց, որի
միջոցով իշխանությունները փորձում են վերարտադրվել և խոչընդոտել ժողովրդի
ընտրությանը., - նշել է նա:
«Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ Գառնիկ
Իսագուլյանը, իր հերթին, կարծում է, որ Հայաստանում տեղի ունեցող բոլոր
դժբախտությունների համար պատասխանատու են երկրի քաղաքացիները, որոնք չեն պայքարում
իրենց իրավունքների համար: Այդ համատեքստում նա Խզմալյանին խորհուրդ է տվել չփնտել
դավադրություններ: Իսագուլյանը նաև հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանը կառավարող
ռեժիմի մաս չէ և իրոք շահագրգռված է երկրում արմատական փոփոխություններով: Նրա
ասելով, դրա վկայությունը փետրվարի 5-ին Ծառուկյանի կազմակերպած համաժողովն էր`
տարբեր քաղաքական և հասարակական ուժերի մասնակցությամբ:
Նշենք,
որ վերջին ժամանակներս ԲՀԿ և ՀՀԿ միջև նկատվում է լարվածություն: ԲՀԿ կազմակերպած
համաժողովի ընթացքում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջիկայում հզոր
հանրահավաքներ է խոստացավ Երևանում և մարզերում, ինչից հետո ԲՀԿ-ն երկրի
իշխանություններին մեղադրեց կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի առևանգման
և ծեծի ենթարկելու համար: ԲՀԿ ներկայացուցիչները հանդես եկան վերջնագրային հայտարարություններով,
իշխանություններին մի քանի օր ժամանակ տալով Խաչատրյանին ծեծի ենթարկելու միջադեպը բացահայտելու համար,
հակառակ դեպքում ԲՀԿ-ն կպահնաջի մի քանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց
հրաժարականները: Ի պատասխան` երկրի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով նաև Ծառուկյանի
խնամին է, հայտարարեց, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակի հնարավոր սրման
համար պատասխանատու կլինի անձամբ Ծառուկյանը: