Արմինֆո. Բերձորի և Աղավնոյի բոլոր վերջին իրադարձություններն էթնիկ զտման դասական օրինակ են։ Այլ կերպ ասած՝ միջազգային հանցագործություն։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանը։
Օգոստոսի 29-ին Արցախի Հանրապետության իշխանությունները տարածել են տեղեկատվություն, համաձայն որի, Լաչինի միջանցքով երթևեկությունը դադարեցվում է: Օգոստոսի 31-ից Հայաստանի հետ կապը կիրականացվի նոր միջանցքով՝ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի տարածքով։ Նույն ժամկետում ընթանում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերատեղակայում։
"Եվ եթե ինչ-որ մեկը կարծում է, որ Բերձորով և Աղավնոյով այս ամենը կավարտվի, ապա այդ մեկը, ակնհայտորեն, սխալվում է։ Ադրբեջանը կշարունակի ճնշում գործադրել մեր նկատմամբ, կազմակերպել տարբեր սադրանքներ և մեզ փաստի առաջ կանգնեցնել այնքան ժամանակ, քանի դեռ մեր ղեկավարությունը հստակ դիրքորոշում չի հայտնել որոշակի հարցերի վերաբերյալ։ Եվ, իհարկե, չի սկսել գործել հայկական շահերի պաշտպանության ուղղությամբ։ Սեփական ուժերով, երկրի ներսում հզոր դիմադրություն ստեղծելու միջոցով, քանի որ երրորդ ուժերի վրա հույս դնելու հարկ չկա", - համոզված է նա։
Սիմոնյանի կարծիքով, նման ռեսուրս հայ հասարակության ներսում, անշուշտ, կա։ Այն պետք է, ընդամենը, կազմակերպել և համախմբել ընդհանուր գաղափարի շուրջ, որն ամրապնդվի ռազմատեխնիկական ներուժի աստիճանական ավելացմամբ։ Ադրբեջանի հետ խաղաղությունը, ըստ իրավաբանի, հնարավոր է միայն Հայաստանի ՝ որպես նորմալ, հզոր ինստիտուտներով պետության կայացման դեպքում։
Տեղահանված արցախցիների շահերի հենց նույն պաշտպանությունը, իրավաբանի կարծիքով, հնարավոր է իրավական, դիվանագիտական, ինչու ոչ, ռազմական գործիքների միջոցով, որոնց հիմքում կրկին ընկած է կազմակերպված, մեկ ընդհանուր նպատակի շուրջ համախմբված, տեւական հակամարտության պատրաստ հասարակություն։
"Ի վերջո, մենք հնարավորություն ունենք Ադրբեջանին դատի տալ յոթ միջազգային կոնվենցիաների խախտումների առնչությամբ։ Արցախում հենց նույն էթնիկ զտումներ կազմակերպելու մասով։ Ինչ չի արվում՝ թեեւ փաստերն ակնհայտ են։ Օրինակ, Բաքվի վերջին գործողությունների տեսքով՝ միջանցքի հայաբնակ գյուղերի բնակիչների նկատմամբ։ Այդ ամենը խոսում է գլխավորի մասին. հայերը չեն կարող եւ չպետք է ապրեն ադրբեջանցիների հետ համատեղ", - ամփոփել է Սիմոնյանը։