Արմինֆո.Ուկրաինայում պատերազմի սկսվելուց և ուղեկցող բոլոր հետևանքներից հետո դեպի Եվրոպա Ռուսաստանի միակ հուսալի ցամաքային ճանապարհն այժմ անցնում է Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։
"Կասկածից վեր է, որ դա Հայաստանին հաղորդում է միանգամայն նոր, ՌԴ-ի համար շատ կարևոր նշանակություն, արդեն՝ ոչ միայն տարածաշրջանային, այլև շատ ավելի ընդգրկուն՝ ռուսական շահերի իրականացման համատեքստում։ Այդ իմաստով Ուկրաինան և հարակից բոլոր գլոբալ գործընթացները արդեն իսկ սրբագրումներ են մտցնում և ապագայում կմտցնեն Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական իրողություններում", - կանխատեսում է նա։
Այդ լույսի ներքո մեկնաբանելով ԻԻՀ, Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարների Թեհրանի գագաթնաժողովում Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի արտահայտած մտահոգությունը Պուտինին եւ Էրդողանին՝ դիվանագետը նշել է, որ վերը շարադրված պատճառներով Մոսկվան, անկասկած, երկրորդ պլան կմղի Թեհրանի նկատառումները, նախընտրելով աշխատել դեպի Եվրոպա հուսալի երթուղի ստանալու ուղղությամբ, բնականաբար, այդ երթուղու նկատմամբ սեփական վերահսկողության պայմանով:
Ըստ Մելիքյանի, հենց դա են պահանջում Մոսկվայի այսօրվա ռազմավարական բնույթի շահերն ու նպատակները։ Հենց այստեղից էլ, նրա կարծիքով, բխում է Ռուսաստանի լոյաալությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի միջանցքային ծրագրերին։
"Այդ ամենը շատ լավ գիտակցում են նաև Թուրքիայում։ Հենց այդ պատճառով էլ Անկարան հրաժարվեց ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը արգելափակելու ի սկզբանե հնչեցված գաղափարից։ Դեպի Եվրոպա Ռուսաստանի տրամադրության տակ այլընտրանքային ճանապարհները բնավ չեն բխում թուրքական շահերից։ Եվ այս օրինակով մենք հերթական անգամ տեսնում ենք, թե որքան սերտ են միահյուսված այսօր, առաջին հայացքից, թե իրենց բնույթով, թե բովանդակությամբ բոլորովին տարբեր աշխարհաքաղաքական իրողությունները", - ամփոփել է Մելիքյանը։