Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
Կառավարության մամուլի ծառայւոթյան հաղորդման համաձայն, զրուցակիցներն անդրադարձել են օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը: Կողմերը կարևորել են երկխոսության շարունակականությունն ու հույս հայտնել, որ բանակցությունները կլինեն արդյունավետ:
Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր:
Նշենք, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսված է Փաշինյան-Միշել-Ալիեւ եռակողմ չորրորդ հանդիպումը: Ավելի վաղ նրանք հանդիպումներ են ունեցել 2021թ. դեկտեմբերին, ս. թ. ապրիլին եւ մայիսին ՝ Բրյուսելում։
Հայկական կողմը չի հրապարակել առաջիկա հանդիպման օրակարգը, նշելով միայն, որ "Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի օրակարգում դրված են այն հարցերը, որոնք քննարկվել են նախկինում"։ Մինչդեռ, օգոստոսի 27-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտարարել էր, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում Ալիեւի եւ Փաշինյանի հանդիպմանը կհամաձայնեցվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի տեքստի նախապատրաստման համար աշխատանքային խմբի ստեղծումը: "Բայց մենք տեսնում ենք Հայաստանի կողմից վարանում՝ այս գործընթացի առումով", - հայտարարել էր նա։