Արմինֆո. Հայաստանի ԱԳՆ բարձր է գնահատում այն երկրների դիրքորոշումը, որոնք հրաժարվել են Շուշիում միակողմանի ակցիային մասնակցելուց: Այդ մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյաը՝ «Արմենպրեսի» խնդրանքով մեկնաբանելով վերջերս Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Շուշիում տեղի ունեցած համաժողովը:
«Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղ միակողմանի այցերի անընդունելիության վերաբերյալ: Համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է ներգրավված լինի միջազգային համագործակցության և աջակցության ծրագրերում: Միաժամանակ, բարձր ենք գնահատում այն երկրների դիրքորոշումը, որոնք խորքային պատկերացում ունենալով հակամարտության վերաբերյալ՝ հրաժարվել են նմանօրինակ միակողմանի ակցիային մասնակցելուց», - ընդգծել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարը:
Օգոստոսի 27-ին Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Շուշիում կայացած համաժողովում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը հայտարարել էր, որ Ադրբեջանում Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի դեսպաններն անտեսել են Շուշի այցելելու Ադրբեջանի կառավարության հրավերը: Ադրբեջանի նախագահի օգնականը Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի այս քայլը որակել է "անհարգալից վերաբերմունք Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ", հավելելով, որ, ամերիկյան եւ ֆրանսիական կողմերի կարծիքով, հակամարտությունը դեռեւս սպառված չէ: