Արմինֆո. Տարածաշրջանային <3+3 > ձևաչափով հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ՝ Իրանում: Այդ մասին Report-ին հաղորդել Է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեիդ Աբաս Մուսավին։
"Ակնկալում ենք, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա մինչեւ տարեվերջ՝ արդեն Իրանում", - նշել է դեսպանը, հավելելով, որ <3+3> ձեւաչափը լավ հնարավորություն է տարածաշրջանային երկրների համար՝ համատեղ իրականացնելու տարբեր նախաձեռնություններ եւ համաձայնեցնելու գործողություններ:
Պատասխանելով այն հարցին, թե Իրանը դեմ է Զանգեզուրի միջանցքի բացմանը, որը կապահովի Ադրբեջանի ցամաքային կապը Նախիջեւանի հետ, դեսպանը նշել է, որ դրանում ոչ մի տրամաբանություն չկա: "Իրականում մենք արդեն ունենք Նախիջևանի հետ գործող միջանցք, որը գոյություն ունի գրեթե 30 տարի։ Ադրբեջանի բնակչությունը, բեռները հատում են Իրանի տարածքը և հայտնվում Նախիջևանում։ Այդպես եղել է այս տարիների ընթացքում, և այդպես շարունակվում է հիմա", - նշել է դեսպանը։
"Միջազգային հարաբերություններում, դիվանագիտության մեջ մենք հենվում ենք մեկ առանցքային տարրի վրա, որը կայանում է նրանում, որ երկրները չպետք է իրենց ազգային շահերը որոշեն այնպես, որ դրանք հակասեն այլ երկրների, հարեւանների ազգային շահերին", - ամփոփել է դեսպանը: