
Գյումրիում կատարվածը դարձել է ընդհանուր ողբերգություն,
ընդհանուր վիշտ` ինչպես հայ, այնպես էլ ռուս ժողովրդի համար: Այդ մասին հայտարարել
է Երևանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը «Ռոսիա-24» հեռուստաալիքով
հեռարձակված հարցազրույցում:
«Այդ հանցագործությունը չի տեղավորվում որևէ նորմլա
մարդու գիտակցությունում, նման վայրագություններն արդարացում չունեն, դրանք չունեն
ոչ ազգություն, ոչ պետական պատկանելություն: Դա հրեշավոր ողբերգություն է, այստեղ
դժվար է որևէ բառ ընտրել, կատարվածը, պարզապես, սարսափելի է», - նշել է Վոլինկինը:
Այդ համատեքստում նա հավելել է, որ դեսպանության բոլոր
աշխատակիցները ցնցված էին, երբ իմացան կատարվածի մաիսն:
«Ես հասկանում և ընդունում եմ հասարակության հուզական
արձագանքը կատարվածին: Կցանկանայի կրկին ցավակցության խոսքեր հղել այդ
ոճրագործության անմեղ զոհերի հարազատներին ու մերձավորներին, բոլոր
գյումրեցիներին, ողջ հայ ժողովրդին: Մենք` Ռուսաստանի քաղաքացիներս, կիսում ենք
այդ կորստի ցավը Գյումրիի բնակիչների հետ, Հայաստանի եղբայրական ժողովրդի հետ և
սգում ենք նրանց հետ միասին», - նշել է դիվանագետը:
Վոլինկինն ընդսմին ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի
իրավասու մարմինները համատեղ են վարում նախաքննությունը, որը, անշուշտ, պետք է
լինի անաչառ և համապարփակ:
«Ես վստահ եմ, որ հանցագործը կպատժվի օրենքի ողջ
խստությամբ: Ռուս-հայկական բարեկամության բազմադարյա պատմության մեջ եղել են բարդ
էջեր, սակայն մենք համատեղ ջանքերով միշտ հաղթահարել ենք ծագող դժվարությունները`
սատարելով մեկս մյուսին: Հավատում եմ, որ այժմ էլ այդպես կլինի», - ամփոփել է
դեսպանը:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիում սպանվել են
Ավետիսյանների ընտանիքի 7 անդամները: Սպանության համար կասկածվում է Գյումրիում
տեղակայվծա 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը, որը
ձերբակալվել է ռուսաստանցի սահմանապահների կողմից և պահվում է 102-ր
ռազմակայանում: Գյումրիում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, որոնց մասնակիցները
պահանջել են Պերմյակոկվին հանձնել հայկական կողմին: Բողոքավորների մի մասը շարժվել
էր դեպի Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսություն, որտեղ ընդհարում էր տեղի ունեցել
ցուցարարների և ոստիկանների միջև:
Չնայած
այն հանգամանքին, որ սպանության օրվանից անցել է 3 շաբաթ, նախաքնությունը դեռ հասկանալի պատասխան չի տվել սահմռկեսուսիչ
սպանության դրդապատճառների վերաբերյալ: Հանցագործը մնում է ռուսական
առզմակայանում, իսկ գյումրեցիները շարունակում են պահանջել նրա հանձնումը
Հայաստանի արդարադատությանը: