Արմինֆո. ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբակցության համանախագահ Ֆրենկ Փալոնը և կոնգրեսական Դինա Թիտուսը սկսում են Արցախին օգնության արգելափակումը դադարեցնելու նոր արշավ։
Փալոնն ու Թիտուսը օրենսդիրներին խնդրել են ստորագրել Կոնգրեսի համատեղ նամակը պետքարտուղար Էնթոնի Բլինքենին եւ միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանտա Փաուերին' կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել' զգալի ռեսուրսներ հատկացնելով ռիսկի ենթարկվող արցախահայությանն աջակցելու համար: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
Նախաձեռնած նամակում Փալոնն ու Թիտուսն ընդգծում են, որ այսօրվա դրությամբ USAID-ն ընդամենը 5 մլն դոլար Է հատկացրել արցախցի հարկադրված վերաբնակներին օգնության համար, որոնք ներկայումս գտնվում են Հայաստանում: Նշվում է, որ այդ գումարը բավարար չէ ստեղծված հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար։ Նաև մտահոգություն է հայտնվում, որ Արցախում մնացած անձինք ոչ մի կարևոր օգնություն չեն ստացել։ Նամակում Էնթոնի Բլինքենին և Սամանտա Փաուերին կոչ է արվում ավելացնել ուղիղ օգնությունն Արցախի ժողովրդին, թարմ տեղեկատվություն տրամադրել Բայդենի վարչակազմի կողմից Արցախին անմիջական օգնություն ցուցաբերելու ջանքերի մասին, ինչպես նաև գնահատել Արցախում հումանիտար ճգնաժամին առնչվող կարիքները:
"Արցախի ժողովուրդը շարունակում է բախվել լուրջ դժվարությունների, որոնք առաջացել են ինչպես ադրբեջանական զորքերի կողմից 2020թ. հրահրված 44-օրյա մահաբեր պատերազմի, այնպես էլ անմեղ խաղաղ բնակիչների դեմ շարունակվող ագրեսիայի հետեւանքով։ ԱՄՆ ՄԶԳ-ն ընդունել է, որ Հայաստան տեղափոխված ավելի քան 90 000 փախստականներ, որոնց մեծ մասը կանայք, երեխաներ եւ տարեց մարդիկ են, տառապում են հումանիտար սուր ճգնաժամից", - նշվում է ԱՄՆ օրենսդիրների նամակում:
Ավելի վաղ ANCA-ի նախագահ Րաֆֆի Համբարյանը Կոնգրեսի ղեկավարությանը, ինչպես նաեւ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի շարքային անդամներին ուղղված նամակներում կոչ էր արել Կոնգրեսին հետաքննել Բայդենի վարչակազմի կողմից Արցախում հայ ընտանիքներին մարդասիրական օգնության փաստացի շրջափակումը